23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դա մեր երիտասարդ նախարարների, գործիչների անփորձության հետևանքն է». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու ՊԵԿ ցանկություն-նախագծին, ասաց, որ դա նոր բան չէ։

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 2015թ. մայիսին եկամտահարկի և շահութահարկի մասին օրենքների փոփոխության նախագծեր էր առաջարկում, նույնիսկ՝ երկու ընթերցում անցավ, և խոսքը վերաբերում էր ՌԴ-ում որպես ռեզիդենտ գրանցված շինարարական ընկերություններին, որոնք պետք է կազմակերպեին աշխատուժի կազմակերպված արտահանում ՌԴ, և հնարավորություն էր տրվում Հայաստանում եկամտահարկը 24-ի փոխարեն՝ 13 տոկոս և 5 տոկոս շահութահարկ վճարել։ Շատ շահավետ, հետաքրքիր առաջարկ էր, բայց ՌԴ-ն ընդհանրապես չարձագանքեց, որովհետև դա ՌԴ շահերին հակասող որոշում կարող էր լինել»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ևս նման խոսակցություններ էր վարում։

Ըստ տնտեսագետի՝ խնդիրն այլ հարթության վրա է. «Իրականում, հայտարարագրման մեխանիզմը օրակարգային խնդիր է, որը ելակետն է։ Միայն պարզելով, թե ինչ ունի երկրի քաղաքացին, ունեցվածքն ում անունով է գրանցված, ակտիվը որտեղ է, դրանից հետո կարելի է խոսել համընդհանուր կամ մասնակի հայտարարագրման մասին, որովհետև կարող է մարդն ընդհանրապես հայտարարագրման խնդիր չունենա, ունեցվածքն այդ արժեքից ավելի ցածր գտնվի, և դրա խնդիրը չառաջանա։ Ի վերջո, լուրջ տեխնիկական խնդիր է՝ այդ ամենը գրանցել, ֆիքսել, հետևել և այլն։

Հետևաբար, այստեղ պետք է կողմնորոշվել, դնել ինստիտուցիոնալ հարթության վրա, որից հետո ներկայացնել հանրությանը, ոչ թե խոսել, հետո ասել՝ չէ, դա գաղափար էր, իսկ երբ շատ են քննադատում, ասել՝ դա միտք էր ընդամենը։ Եթե միտք է, ինչո՞ւ են տարբեր պաշտոնյաներ տարբեր դիտանկյուններից քննարկում։ Դա մեր երիտասարդ նախարարների, գործիչների անփորձության հետևանքն է։ ՊԵԿ-ն ընդամենը վարչարարություն իրականացնող մարմին է, իսկ քաղաքականությունը մշակում է Ֆինանսների նախարարությունը, և թերևս այնտեղից պետք է նման խոսակցություններ հնչեին, բայց մենք տեսնում ենք, որ ՊԵԿ նախագահն է խոսում, որը պատրաստված է, փորձառու»։

Լրագրողի հարցին՝ այսինքն՝ ՊԵԿ առաջարկով՝ եթե մարդը մեկնում է արտագնա աշխատանքի, այնտեղ էլ է հարկ վճարում, հետո գումար է ուղարկում Հայաստանում ապրող հարազատին, այստեղ է՞լ է հարկ վճարելու, տնտեսագետը պատասխանեց. «Եթե երկիրն ունի կրկնակի հարկումը բացառելու պայմանագիր տվյալ երկրի հետ, այնտեղ արդեն աղբյուրի մոտ հարկվել է։ Եթե ես շինարար եմ, մի երկրում աշխատում եմ, այդ գումարը, որն այնտեղ արդեն հարկվել է, փոխանցում եմ կնոջս անունով, նա էլ մի հատ պետք է հարկվի, դա աբսուրդ է։ Մենք կրկնակի հարկումը բացառելու պայմանագիր ունենք ՌԴ-ի հետ»։

Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն, որ կառավարությունը պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ, որով պետք է լինի տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացին, որը ստանում է եկամուտներ, պարտավոր է այն հայտարարագրել և դրա 23 տոկոսը, որպես եկամտային հարկ՝ վճարել իր պետությանը։

ՊԵԿ-ը, սակայն, նույն օրը երեկոյան արդեն հանդես եկավ հայտարարությամբ և անհրաժեշտ համարեց տեղեկացնել, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմ կամ որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Նկատենք, սակայն, որ դրա մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր հենց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Դավիթ Անանյանը երեկ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք նախագիծը հանրային քննարկման կդնեն 2019թ.-ին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ