Ինչ հարց է լուծելու Հայաստանն այսօր Աստանայում. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովին: Այդ վեհաժողովից առաջ հանրության հետաքրքրության կենտրոնում է հայտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո: Մամուլում եղել են հրապարակումներ, որ Հայաստանը Խաչատուրովի փոխարեն առաջադրում է Վաղարշակ Հարությունյանին՝ պաշտպանության նախկին նախարարին: Սակայն այդ տեղեկության պաշտոնական հաստատում չկա, եւ միաժամանակ ընդհանրապես չկա որոշակիություն այն հարցում, թե արդյոք Խաչատուրովի շուրջ հայտնի պատմություններից ու զարգացումներից հետո Հայաստանը պահպանելու է, կամ ՀԱՊԿ անդամները համաձայնելու են Հայաստանի համար ԳՔ քվոտան պահպանելուն:
Բանն այն է, որ այդ առումով կան իրարամերժ արտահոսքեր, որոնք չեն հաստատվում, սակայն միարժեք չեն էլ հերքվում: Պարզ չէ նաեւ, թե հարցն այսօր կայանալիք վեհաժողովին հատկապես ինչ դիրքով եւ բովանդակությամբ է դրվելու՝ քննարկվելու է Հայաստանի նոր թեկնածուի՞, թե՞ ընդհանրապես Հայաստանի քվոտայի հարց: Սակայն այս ամենով հանդերձ, ՀԱՊԿ պարագայում հայաստանյան հասարակական-քաղաքական միջավայրում, թերեւս, ձեւավորման կարիք ունի առավել ռազմավարական պահանջարկ եւ օրակարգ, իսկ քարտուղարության քվոտայի հարցը լոկ այդ համատեքստում: Իսկ առանցքային օրակարգի խնդիրը վերաբերում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական նշանակությանը, բնույթին, բովանդակությանը եւ կոչմանը ընդհանրապես: Այդ կառույցը կա՞, մասնավորապես Հայաստանի համար՝ որպես ռազմա-քաղաքական բլոկ, թե՞ դա միայն թուղթ է, որը իրականում Հայաստանին ավելի խոցելի եւ հիմար վիճակի մեջ է դնում իր դատարկ գոյությամբ:
Այն, որ այս խնդիրը կա եւ այն էլ լրջորեն, ակնառու էր դեռեւս Սերժ Սարգսյանի այն բաց դժգոհություններից, որ հնչեցրել է ՀԱՊԿ վեհաժողովներում: Սակայն մյուս կողմից դրանք դառնում էին Հայաստանի անզորության վկայություններ:
Հայաստանում իշխանափոխությունից հետո, անշուշտ, փոխվել է նաեւ Հայաստանի իշխանության քաղաքական կարողությունների բազան եւ այս առումով, Հայաստանից իհարկե ակնկալվում են ոչ այնքան հուսահատ դեմարշներ, այլ շատ առարկայական քաղաքական հարցադրումներ: Այլ խնդիր է, որ որեւէ դեմարշ կարող է հաջորդել այդ հարցադրումների հանդեպ անտարբեր կամ արհամարհական վերաբերմունքին, եթե այդպիսին լինի ՀԱՊԿ անդամների վերաբերմունքը:
Այս տեսանկյունից, իհարկե, Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրից պահանջվում է ուշադրության այդպիսի թիրախավորում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի հանդեպ «մարզական հետաքրքրասիրության» փոխարեն: Դրական է այն, որ Հայաստանի նոր իշխանությունը մի քանի անգամ թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարի մակարդակով հայտարարել է, որ ՀԱՊԿ խնդիրը դիտարկում է հենց այդ լայն՝ կազմակերպության բնույթի կոնտեքստում: Սա, իհարկե, մեկ վեհաժողովի, անգամ մեկ տարվա լուծելիք խնդիր չէ, սակայն շատ կարեւոր է գործընթացի մեկնարկը եւ ռազմավարական տեսլականը, որով կուղեկցվի այն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում