Նիկոլ Փաշինյանին ցավակցել կարելի է. Հրապարակ
Իշխանություններից մեր դժգոհությունները պետք է բաժանել երկու մասի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, կամ՝ հիմնավոր եւ անհիմն դժգոհություններ: Այն, որ հեղափոխությունը մեր կյանքի որակը չի փոխել եւ առաջիկայում էլ չի փոխելու, այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ անգամ ամենաոգեւորվածների: Սակայն իրավացի են նրանք, ովքեր պնդում են՝ 6 ամսում փոփոխություններ ապահովելը կամ նման հույսեր փայփայելն անիրատեսական է: Դրա համար ժամանակ է հարկավոր եւ լուրջ աշխատանք:
Ահա, այստեղից սկսվում են օբյեկտիվ դժգոհությունները: Արդյոք կատարվում է լուրջ աշխատանք, եւ որոշ ժամանակ անց մենք կզգանք դրա հետեւանքները մեր մաշկի վրա, մեր կենցաղում: Դատելով մինչ օրս կառավարության կատարած քայլերից եւ հատկապես կազմից՝ քիչ հավանական է: Երբ մարդիկ օրինաչափ հարց են բարձրացնում՝ ով է մեր երկիրը հանելու այս փոսից, ովքեր են կառավարության կազմում ընդգրկված այն բանիմաց, աշխատասեր, սկզբունքային անձինք, ովքեր ապահովելու են մեր երկրի առաջընթացը, ծանր լռություն է հետեւում:
Եվ իսկապես, այսօր կառավարության կազմում ընդգրկված, բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աստղաբույլն ուսումնասիրելիս միմիայն ցավակցել կարելի է Նիկոլ Փաշինյանին: Այս կազմով ու այս որակի կադրերով պրակտիկորեն ոչինչ անել հնարավոր չէ:
Իսկ ինչ անել, եթե նոր իշխանությունը չունի կադրային բանկ, որակյալ կադրերը երկնքից չեն ընկնելու, եւ այլ երկրներից հնարավոր չէ դրանք ներմուծել: Սին են նաեւ այն հույսերը, որ սփյուռքը կարոդ է որակյալ կադրեր մատակարարել: Հենց այս հենքի վրա էլ ծնվել է Փաշինյանի՝ հին, պրոֆեսիոնալ կադրերին հիշելու՝ ասպարեզ բերելու միտքը: Բայց այստեղ էլ հարց է ծագում՝ իսկ ինչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել ու բոլոր հներին հեռացնել:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: