Մի օր էլ երկիրը կծախեն, կգնան. 168 Ժամ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանում հեկտարներով ստվերային այգիներ կան, որոնք հաշվառված չեն, հարկեր չեն վճարում, և ըստ նրա հենց դա է պատճառը, որ, երբ տարեսկզբին պլանավորում են ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալները, տարվա կեսին պարզվում է, որ դրանք արդեն սպառվել են, և ոչ ոք չի կարողանում բացատրել, թե որտեղ է գնացել այն ջուրը, որն ըստ հաշվարկների պետք է բավականացներ: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանից թերթը հետաքրքրվեց արդյո՞ք ոռոգման ջուրը հենց այդ պատճառով չի բավականացնում, թե՞ այլ խնդիրներ կան:
«Նախ ստվերային այգիներ չեն կարող լինել, պարզապես ՋՕ-ի աշխատակիցները կարող են իրենց սեփական այգիները ոռոգել առանց պայմանագրային հարաբերությունների: Վարչապետի օգնականները կամ չեն ցանկանում իրական պատկերը ներկայացնել վարչապետին, կամ իրենք էլ տեղյակ չեն: Այո, ունենք դեպքեր, երբ գյուղապետի հողերն են անվճար ոռոգվում, հիմնականում ՋՕ աշխատողներն են դրանից օգտվում, որովհետև գրեթե բոլոր ՋՕ աշխատողները սեփական հողեր ունեն: Մի թեթև ուսումնասիրություն է պետք անել, որպեսզի անվանացանկը տպվի»,- ի պատասխան ասաց Բերբերյանը ընդգծելով, որ ջրի կորստի հիմնական պատճառը, սակայն, հէկ-երն են, որոնք կառուցվել են ջրամբարների համակարգի վրա:
«Դա անթույլատրելի է: Համառորեն չեն ուզում քանդել այդ հէկ-երը, բայց մենք ունենք մշակած մեխանիզմ, այս տարի կդիմենք համայնքներին, և այն համայնքները, ովքեր գտնում են, որ իրենց ջրամբարների ջուրը հէկ-ը տարել է, թող քանդեն այդ հէկ-երը կամ կասեցնեն դրանց աշխատանքը: Պետությունը չի ցանկանում այդ հէկ-երի հարցը լուծել պատճառաբանելով, որ դրանք գերմանական վարկով են ստեղծված, թող չստեղծեին»,- ասաց նա:
Թերթի դիտարկմանը նույն օրը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հէկ-երի խնդրին, Բերբերյանն այսպես արձագանքեք. «Գիտեմ. 150 հէկ-ում խախտումներ են գտել, բայց ի՞նչ են արել, ոչինչ: Այդ հէկ-երն ավելի ջուր են օգտագործել, նորմատիվից անցել են: Հէկ-եր կան, որ անմիջապես ջրամբարների վրա են նստած: Օրինակ Արփի լճից մինչև Ախուրյանի ջրամբար 3-5 հէկ կա, որից երկուսը գեներալներինն է, մեկը Մանվելինն է, մյուսը գողական աշխարհից ինչ-որ հանցագործի է: Արփա լճից ջուրը դուրս է գալիս գնում Ախուրյանի ջրամբար, որտեղից էլ 50 տոկոսը թուրքերը տանում են»:
Հրաչ Բերբերյանը մի այլ խնդրի վրա ևս ուշադրություն հրավիրեց: «Երբ Համաշխարհային բանկի վարկերը մենք ստանում էինք, իմացանք, որ մի բանկ գյուղացու համար նախատեսված վարկը տվել է տաքսի սերվիսներին: Այսինքն գյուղացին պետք է ցածր տոկոսներով վարկ ստանար, բայց տաքսի սերվիսներն էին ստանում»,- ասաց նա: Թերթը հետաքրքրվեց, թե գյուղացու համար նախատեսված վարկն ինչպե՞ս կարող էին տաքսի ծառայություններին տալ: «Բայց ինչու եք զարմանում, դա դեռ վարկ էր ու պետք է վերադարձնեին, բա որ գյուղացու համար նախատեսված գրանտներն են ուտո՞ւմ»,- ի պատասխան ասաց նա:
«Հստակ գրված է, որ գրանտը գյուղատնտեսության համար է, իսկ չրի արտադրությունն արդեն վերամշակում է: Չրի մշակումը, պահածոյագործությունը, գինեգործությունը սննդարդյունաբերություն են. գյուղատնտեսություն չեն: Իհարկե, փոքր ֆերմերները կարող են զբաղվել, բայց որ ֆերմերի գրանտը վերցնում քո անձնական բիզնեսի մեջ ես դնում, ի՞նչ հասկանանք: Արդարացում չկա սրան:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանձնաժողով են ստեղծելու, ստուգեն, բայց ստուգելու բան չկա: Եթե հանձնաժողով է ստեղծվում, կազմում անկախ մարդիկ պետք է լինեն, որ օբյեկտիվ ստուգեն, այսինքն՝ չվախենան դիմացինն ով է»,- ընդգծեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հոր անունով գրանցված «Իրիգեյթս» ընկերությանը ներկայիս գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ղեկավարած ԾԻԳ-ը փոխանցել է 35 միլիոն դրամ, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ Դատախազության մակարդակում պետք է հարցը դրվի, ոչ թե հանձնաժողով ստեղծվի. «Փաստացի եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, ոնց ուզում են մեկնաբանեն դա: Ավինյանն այդ ընկերության բաժնետիրությունից դուրս է եկել հունիսին, իսկ գրանտը ստացել է, երբ արդեն փոխվարչապետ էր: Իսկ փաստաթղթերը ԾԻԳ- երում հնարավոր է հնացնել կամ թարմացնել»:
Նա ընդգծեց Նիկոլ Փաշինյանը պետք է կադրերի ընտրության հարցում հետևողական լինի. «Կամ հանրապետության նախագահը հրամանագիր ստորագրելիս չի՞ նայում, թե ում է նախարար նշանակում: Գոնե ասի մի հատ անձնական գործերը բերեք, տեսնեմ ով է, Լոնդոնի ո՞ր փողոցներում է մի քանի ամիս ման եկել: Թուրքի հայացքով էլ նկարվում են. թուրք են, մի օր էլ երկիրը կծախեն, կգնան»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: