27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն կարող է ապագա խորհրդարանում երկրորդ ուժը լինել՝ իրական ընդդիմություն. Հայոց աշխարհ

Եթե գերարտառոց բան չպատահի, ինչի որեւէ նախանշան, քավ լիցի, չկա, հայրենի քաղաքական դաշտը կուսակցություններով հանդերձ, միանգամից կմխրճվի ընտրա­պայքարի հորձանուտ: Կտրուկ ու արագընթաց ընտրապայքարի, հարկ է ասել:

Համենայն դեպս անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ է, որ Հա­յաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ պետք է լինեն (առհասա­րակ, մեկ անգամ էլ 1998-ին նախագահի արտահերթ ընտրություն է եղել, բայց դա այլ պատմություն է):

Եվ եթե մինչեւ այս քաղաքական ուժերը, կուսակցություններն առավել քան բավա­րար ժամանակ էին ունենում ընտրապայքարին նախապատրաստվելու, իրենց մարդկա­յին, կազմակերպչական եւ նյութական ռեսուրսները գույքագրելու, նախընտրական մար­տավարություն մշակելու համար, ապա հիմա շատ քիչ ժամանակ են ունենալու: Կարելի է ասել, անգամ գրեթե չունեն այդ ժամանակը:

Հայտնի ասացվածքի տարբերակով՝ նավից վազելով գնալու են պարահանդես, թերեւս չհասցնելով նավաստիական բաճկոնը փոխել ու թիթեռնիկ փողկապ եւ ֆրակ հագնել, պատկերավոր ասած:

Արդեն իսկ լրահոսում շրջանառվում են լուրեր, թե ով ում հետ է փորձում բանակցել կամ միավորվել: Առաջիկայում, կարծում ենք, նման տեղեկությունները կշատանան եւ աշխուժորեն կշրջանառվեն, համենայն դեպս մինչեւ առաջիկա Աժ արտահերթ ընտրու­թյունների հնարավոր մասնակիցների, թեկնածու-ուժերի գրանցման պահը:

Իրավիճակն այնպիսին է, որ երեւի անցած-գնացած ժամանակների մի կոչ կարելի է հիշեցնել՝ «կուսակցական բազմամարտին եղի՛ր պատրաստ»: Ու հայրենի մեծուփոքր կուսակցություններն էլ երեւի պիտի միաձայն եւ նախընտրահունչ արձագանքեն՝ «միշտ պատրաստ»:

Մեկնաբանների մեծ մասի կանխատեսումները հանգում են նրան, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղպայմանագիրը» կամ «Իմ քայլը» դաշինքը մրցակցությունից դուրս է լինելու, իսկ ընտրությունների մյուս մասնակիցների միջեւ պայքարը ծավալվելու է երկրորդ, երրորդ, չորրորդ, գուցե նաեւ՝ հինգերորդ տեղերը գրավելու համար: Իսկ ով­քեր են լինելու այդ մյուս՝ հնարավոր մասնակիցները:

Գործող սահմանադրության եւ ընտրակարգի, այդ թվում խորհրդարանական հան­րապետության մոդելի քաղաքական տրամաբանության վեկտորն ուղղված է դաշտում գոյություն ունեցող քաղաքական ուժերի խոշորացմանը, ասպարեզից այսպես կոչված «մարդ-կուսակցությունների» ինքնըստինքյան հեռանալուն: Դրա մասին դեռ 2017-ի ընտրապայքարի նախաշեմին էր շատ խոսվում:

Սակայն հարցերից մեկն այն է, որ ապրիլ-մայիսյան ցնցումային զարգացումներից հե­տո, դրանցով ի հայտ եկած իրողություններով պայմանավորված, նախ՝ մի շարք «հին» ու­ժեր ռեանիմացիայի փորձեր կատարեցին, իսկ առաջիկա ընտրություններին ընդառաջ էլ ավելի ընդգծված նման փորձեր կանեն: Ի լրումն, նաեւ նոր ուժերի ձեւավորման կոնկրետ փորձեր եւ օրինակներ կան:

Խոշորացումը՝ խոշորացում, բայց նույնիսկ «մրցակցությունից դուրս» համարվող «Իմ քայլը» կամ, եթե կուզեք՝ «Քաղպայմանագիրը», որոշակի առումով հենց «մարդ-կուսակցություն» է: Նկատի ունենք այն պարզ իրողությունը, որ եթե այդ դաշինքը չգլխավորի Նիկոլ Փաշինյանը, նշված քաղաքական միավորը կարող է անգամ դադարել այդպիսին լինելուց, ու մեծ հարց է, թե ինչ տեղ կգրավի որեւէ ընտրության ժամանակ, եթե վարչա­պետի պաշտոնակատարն այն չգլխավորի:

Երկրորդ «փաղանգի» կուսակցությունների շարքում, իհարկե, պետք է հիշատակել Փաշինյանի, արդեն կարելի է ասել, նախկին դաշնակից «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություն­ներում «Լույս» դաշինքով հանդես եկան: Հավանական է, որ այդ նորակազմ դաշինքը ԱԺ արտահերթ ընտրություններում էլ նույն ձեւաչափով մասնակցի:

Իրենք, իհարկե, մեծ հույսեր ունեն, որ կարող են երկրորդ կամ երրորդ տեղը գրավել առաջիկա ընտրություններում: Նման ակնկալիք, կարծում ենք, ունի նաեւ գործող իշխանությունը կամ գոնե՝ Նիկոլ Փաշինյանը:

Զուտ այն նկատառումից ելնե­լով, որ հաջորդ Ազգային ժողո­վում յուրային ու կառավարելի ընդդիմություն ունենան, որն այլ կերպ նաեւ «գրպանային ընդդի­մություն» են կոչում:

Նման կարգավիճակի ակնկալիք միգուցե ունի նաեւ «Ծառուկյան» դաշինքը կամ ԲՀԿ-ն: Ի դեպ, եւս մեկ խոշոր, միգուցե՝ նաեւ խոշորացված մի­ավորում, որն էլի «մարդ-կուսակցության» վիճակում է: Այս դեպքում էլ՝ Գագիկ Ծառուկյանի ու նրա ֆինանսական հնարավո­րությունների շուրջ ձեւավորված:

Այս, թվում է՝ արդեն տարիների փորձ ունեցող կազմակերպությունը, ընդհա­նուր առմամբ, չունի քաղաքական բո­վանդակություն: Բայց ունի որոշակի ռե­սուրսներ ու հնարավորություն՝ պահպա­նելու խորհրդարանական ուժի կարգա­վիճակը: Եվ եթե դա իրենց հաջողվի, ապա կլինեն գործող ու ամենայն հավա­նականությամբ նաեւ հաջորդ իշխանու­թյան ու գլխավոր կառավարչի համար ձեռնտու, այսպես ասած՝ եւս մեկ յուրային ընդդիմադիր ուժ:

Ինչ-որ տեղ հավանական կարելի է համարել մի շարք այլ կազմակերպու­թյունների՝ խումբ-խումբ միավորվելը: Ասենք, չի կարելի բացառել, որ Տեր- Պետրոսյանի ՀԱԿ-ը եւ էլի մի քանի գրանցված կուսակցություններ (Արսենյանի ՄԱԿ-ի անունն էր նախօրեին շրջանառվում) միավորված հանդես գան: Հնարավոր է, ասենք, «Սասնա ծռերի» եւ «Ժառանգության» դաշինքը: Բնականա­բար կփորձի վերստին ակտիվանալ Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը:

Այլ ուժեր էլ նման փորձեր կանեն, կհիշեցնեն իրենց մասին: Թե ի՞նչ կստացվի, ընտրություններից հետո կերեւա: Այս պահին նրանց հնարավորու­թյունները, կարծում ենք, հակադարձ հա­մեմատական են իրենց հավակնություն­ներին ու քաղաքական-մանդատային ախորժակին:

Բնականաբար ընտրապայքարի մեջ կներգրավվեն ինչպես Հանրապետական կուսակցությունը, այնպես էլ՝ ՀՅ Դաշ­նակցությունը:

Նշվածներից հատկապես նախորդ իշխող ուժի՝ ՀՀԿ մասնակցությունը, կար­ծում ենք, առաջիկա ընտրապայքարի «աղն» է լինելու: Ըստ էության, քաղաքա­կան դաշտում ու ընտրությունների հնարավոր մասնակիցների շարքում գործող իշխանությանն ընդդիմադիր, ավելին՝ ընդգծված ընդդիմադիր ու նաեւ գաղափարաքաղաքական հստակ հենք ունե­ցող միակ ուժը հենց ՀՀԿ-ն է լինելու: Չի բացառվում, որ հենց այս իրական ընդդի­մությունն էլ կարող է ձեւավորել մեծու­թյամբ երկրորդ խմբակցությունը նոր խորհրդարանում:

Դաշնակցության դեպքում էլ, իհար­կե, գաղափարական ու ծրագ­րային հենքը, ինչպես ասվում է՝ ընդգծված ու հստակ է: Ի լրումն, Դաշնակցությունը հնարավորինս կայուն ընտրա­զանգված ունի: Բայց հարց է, թե վերջին կես տարվա վայրի­վերումներից հետո այդ առու­մով ինչ փոփոխություններ են եղել:

Ընտրապայքարին կարող էր որոշակի աշխուժություն ու սրություն հաղորդել նաեւ երկ­րորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի մասնակցությունը, բայց ինչ­պես արդեն հայտարարվել է, նա առանձին կուսակցություն չի հասցնի ձեւավորել, եւ ենթադրվում է, որ չի մասնակցի առաջիկա ընտրություններին:

Եվ չնայած ԱԺ ընտրությունները կու­սակցական ցուցակներով են լինելու, այ­սինքն՜ համամասնական, չնայած որ թեկ­նածուները կուսակցություններն ու կու­սակցական դաշինքներն են, դատելով տրամադրություններից, այնքան էլ հա­վանական չի թվում առաջիկայում գաղափարական-քաղաքական բանավեճերի ծավալման, ծրագրային մոտեցումների մրցակցության հեռանկարը:

Ցավոք, կարծում ենք, որ առաջիկա ընտրապայքարը մեծապես անձնավոր­ված է լինելու՝ ավելի շատ հագեցած հույզերով, հեղափոխական ընդգծված պա­թոսով ու անսահման պոպուլիզմով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ