23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ կառավարությունը որոշեց չարգելել բուքմեյքերների գործունեությունը

Ինչպես, թերևս, արդեն տեղյակ եք՝ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ էին ներկայացրել, որով մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով՝ առաջարկվում էր Հայաստանում արգելել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։

Մասնավորապես, նախագծերի փաթեթով առաջարկվում էր արգելել վիճակախաղերի («բացառությամբ գովազդային վիճակախաղերի»), ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունների իրականացումը: Առաջարկությունը հիմնավորվում էր այն հանգամանքով, որ Հայաստանում շարունակաբար ավելանում է այն անձանց թիվը, որոնք իրենց ունեցած ֆինանսական միջոցների կամ եկամուտների ավելացման եղանակ են համարում վիճակախաղը կամ շահումով խաղը:

Որքան էլ զարմանալի լինի, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այդ նախաձեռնությանը։ Կառավարությունը, ընդհանուր առմամբ համաձայնելով նախաձեռնության հիմնավորման մեջ նշված մտահոգության հետ, այդուհանդերձ գտել է, որ նախագծերի փաթեթի ընդունումը չի փարատի հիմնավորման մեջ արտահայտված մտահոգությունը:

Իսկ ի՞նչ հակափաստարկներ է բերում կառավարությունը։

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է արգելել միայն որոշ խաղային գործունեության տեսակները: Այս առումով, այն անձինք, որոնք իրենց եկամուտները ձգտում են ավելացնել խաղերին մասնակցելու միջոցով, դա կիրականացնեն, օրինակ, խաղատներում անցկացվող շահումով խաղերին մասնակցելու միջոցով: Հետևաբար` գտնում ենք, որ առաջարկությունը չի ծառայի իր նպատակին»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ: Սակայն միայն այս հիմնավորումը չէ։

Կառավարությունը 5 առանձին կետերով անդրադարձել է այս նախաձեռնությանը։ Օրինակ, ներկայացված փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում երկրում ընդհատակյա վիճակախաղ կազմակերպելու կամ դրան մասնակցելու համար: Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև ինտերնետ տիրույթում նման ապօրինի գործունեություն կազմակերպելու կամ դրան մասնակցելու համար: Սակայն կառավարությունը նման մոտեցումը խնդրահարույց է համարում թե՛ ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե՛ վերահսկողության տեսանկյուններից:

Ըստ կառավարության՝ նախագծի ընդունմամբ մեծ հավանականություն կա, որ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը կտեղափոխվի ստվերային դաշտ և կդառնա անվերահսկելի: Բացի այդ, կառավարությունը գտնում է, որ ՏՏ ոլորտում հատուկ գիտելիքներով օժտված անձը կարող է այդուհանդերձ շրջանցել օրինագծով առաջարկվող սահմանափակումները և գրանցվել նման գործունեություն կազմակերպող օտարերկրյա կայքէջերում: «Պարզ չէ, թե օրենքով դրված սահմանափակումներն անձի կողմից շրջանցելու և ինտերնետ շահումով խաղերի գործունեություն կազմակերպող օտարերկրյա կայքէջերում գրանցվելու դեպքերի համար ինչ կարգավորում է նախատեսվում»,- նշված է հիմնավորման մեջ։

Եվս մեկ փաստարկ. նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում արգելել վիճակախաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի գործունեության իրականացումը, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ՝ այլ պետություններում գրանցված առևտրային կազմակերպությունների կողմից:

«Այս կարգավորումները ֆիզիկական անձանց մասով հնարավոր չէ ամբողջությամբ վերահսկել, և այն կստեղծի ոչ հավասար մրցակցային պայմաններ Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում գրանցված տնտեսվարողների համար, քանի որ նմանատիպ ծառայություններից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց այլ երկրներում գրանցված կազմակերպությունների կայքերի միջոցով»,- նշված է հիմնավորման մեջ։

Նշված են նաև այլ՝ զուտ տեխնիկական և իրավական բնույթի հակափաստարկներ, սակայն հիմնական կետերը սրանք էին։ Ու ամփոփելով այդ ամենը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ առաջարկվող փոփոխությունները խնդրահարույց են և ընդունելի չեն: Այս ամենի հաշվառմամբ առաջարկվում է գործող օրենքները թողնել անփոփոխ:

Եթե ամփոփենք, կստացվի հետևյալը. թեպետ կառավարությունը, ընդունում է այս խնդիրը և չի խրախուսում «ղումարբազությունը», սակայն խոստովանում է, որ արգելելով՝ դրա դեմը առնել հնարավոր չի լինի՝ խաղացողը կխաղա թեկուզ միջազգային բուքմեյքերների կայքերում, և այլն։

Կառավարության հակափաստարկները տրամաբանված են, սակայն ցանկության դեպքում կարելի է այս երևույթի դեմն առնել։ Օրինակ՝ արգելել բուքմեյքերական ընկերությունների ագրեսիվ գովազդը, կամ՝ արգելել, որպեսզի վճարահաշվարկային կազմակերպություններն իրենց վճարային տերմինալների միջոցով գումարներ ընդունեն՝ խաղացողներին զրկելով իրենց հաշիվները հեշտուհանգիստ լիցքավորելու հնարավորությունից։ Կարելի է անգամ շատ «չորով» գնալ՝ ընդհանրապես արգելել բուքմեյքերներին և արգելափակել տեղական ու միջազգային բոլոր բուքմեյքերական կայքերը։

Այո, որոշ մարդիկ VPN-ների միջոցով կկարողանան շրջանցել այդ արգելքը, սակայն ոչ բոլորը դա կարող են անել, ու նաև գումարները կանխիկացնելու արգելքը նրանց ետ կպահի։ Սակայն կա ևս մի կարևոր պատճառ, որի մասին կառավարությունն իր հիմնավորման մեջ, բնականաբար, չի նշել։ Նախ, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, վերջին 2-3 տարիներին ծառայությունների ոլորտի կտրուկ աճը պայմանավորված է նախևառաջ բուքմեյքերական ընկերությունների գործունեության աշխուժացմամբ։

Ընդ որում, բուքմեյքերների հասույթն աճում է երկնիշ թվերով։ Օրինակ, այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով՝ բուքմեյքերների և վիճակախաղերի ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 125 մլրդ դրամ, ինչը 44%-ով ավելի է 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։

Իսկ այս տարվա հունիս և հուլիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշի կտրուկ աճը նույնպես պայմանավորված էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ բուքմեյքերների շրջանառության ավելացմամբ։ Այսինքն՝ այս ոլորտն արգելելը վատթարացնելու է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները (ոչ թե տնտեսության վիճակը, այլ ցուցանիշը)։

Եվ բացի այդ, բուքմեյքերական ընկերությունները բավականին խոշոր հարկեր են վճարում, ինչից հրաժարվելու շռայլություն Հայաստանի պետբյուջեն այս պահին չունի։

Սակայն, չնայած այս ամենին՝ հուսով ենք, որ կառավարությունը վաղ թե ուշ խիստ միջոցներ կձեռնարկի մոլեխաղերի տարածման վտանգի դեմն առնելու համար։ Հիշեցնենք նաև, որ բացի ՀՀԿ-ական պատգամավորներից՝ բուքմեյքերների գործունեությունն արգելելու մասին մի քանի առիթով արտահայտվել է նաև տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, ով այժմ վարչապետի խորհրդականն է։

Բաբկեն Թունյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ