23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի ժողովրդավարության տակ ական մի դրեք. Արմեն Աշոտյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ անցկացվող արտահերթ նիստը վկայությունն է այն բանի, որ նման գործընթացով ընտրական փոփոխություններ ընդունել չի կարելի.

«Խորհրդարանը նստած վիճում է՝ 5 րոպե տա՞նք ելույթի համար, թե՞ ոչ, նիստ վարողը լավությո՞ւն է անում, թե՞ ոչ, որ բոլորը կարողանան արտահայտվել։ Սա սահմանադրական օրենք է. արդյո՞ք այն միջավայրը, որում աշխատում ենք, երբ առավոտյան կրկնաքվեարկություններով փորձում են քվորում ապահովել, Ընտրական օրենսգրքի (ԸՕ) բարեփոխման միջավայր է։ Արդյո՞ք ժամանակային սահմանափակումը, հապճեպությունը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը։ Հոկտեմբերի 16-ին կառավարությունը հաստատեց նախագիծը, 17-ին առաքեց խորհրդարան, նույն ժամանակում առաքեց Վենետիկ, այսօր 22-ն է, արտահերթ նիստ ենք անում և երկու ընթերցումով ուզում ենք անցկացնել օրենքը։ Ժողովուրդ, սա տոների և հիշատակի մասին օրենք չէ, սա Ընտրական օրենսգիրքն է»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ դեկտեմբերյան գալիք ընտրություններն անխուսափելի են.

«Եթե կարծում եք, որ կոնսենսուս կա՝ առանց ՀՀԿ-ի էլ, էլ ինչո՞ւ եք մեզ համոզում։ Իմ ընկալման մեջ կոնսենսուսն այնտեղ է, որտեղ հակադիր ուժերը համաձայնում են։ Այսօր գործող իշխանությանը հակադրվող ուժը ՀՀԿ-ն է. ի՞նչ կոնսենսուս՝ առանց արմատական ընդդիմության։ Պետք էլ չի մեզ համոզել, մենք որևէ քաղաքական շահ այսօր չենք արտահայտում։ Մեծ հարց է՝ այս ռեյտինգային ընտրակարգը մեզ պե՞տք է, թե՞ ոչ։ Մենք չունենք քաղաքական շահ, ունենք սկզբունքի հարց։ Իհարկե, ԸՕ-ն մշտապես պետք է բարելավվի, բայց ոչ՝ ընտրություններից 1.5 ամիս առաջ»։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Արմեն Աշոտյանը հետևյալն ասաց.

«Կարող եք անցկացնել այս օրինագիծը՝ առանց ՀՀԿ-ի, իմ հաշվելով՝ իշխանությունն այսօր 65 ձայն ունի խորհրդարանում։ Եթե այդ կերպով անցկացնեք այս օրենսդրական նախաձեռնությունը, մեր երկրի վրա դամոկլյան սուր եք կախելու, որովհետև այսօր մեզ և ձեզ ներում են, որովհետև էյֆորիա է, պուպուշ ենք, և այլն։ Վաղը չէ մյուս օրը, երբ Սիրիա զորախումբ ուղարկեք, այդ ժամանակ Եվրոպայի առջև այս հարցերով պատասխան ենք տալու միասին՝ անկախ նրանից՝ ես խորհրդարանում կլինե՞մ, թե՞ ոչ։ Երբ այս ականները թողնում եք երկրի անվտանգության տակ, իրենք ինձ համար չեն, անհատական չեն։ Երկիրը պետք է անթերի ու անխոցելի լինի քաղաքական տեսակետից, հատկապես՝ աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակում»։

Դիմելով հիմնական զեկուցող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ Աշոտյանը նախ նշեց, որ նրան շատ է հարգում, ապա խնդրեց չօգտագործել այն փաստարկը, որը վերաբերում է կայուն քաղաքական մեծամասնությանը. «Այդ փաստարկը չի աշխատում, որովհետև եթե այսօր իշխանությունը մոբիլիզացրեց 63 պատգամավոր և անցկացրեց ԸՕ-ն, ստացվում է, որ լավ էլ կայուն քաղաքական մեծամասնություն ունեք, հարգելի կառավարություն։ Քաղաքական կայուն մեծամասնություն ունեինք, երբ ընտրում էինք վարչապետ, կառավարության ծրագիր էինք հաստատում, այդ ո՞նց եղավ, որ այսօր չունենք այդ քաղաքական կայուն մեծամասնությունը։ Ուրիշ բան է, որ այդ կայունությունը ձեռք բերելու համար ստիպված եք տարբեր ուժերի հետ բանակցել, դա նորմալ է։ Եթե կայունն այն է, որ ոնց ասեք՝ այդ 65-ը պետք է անեն, դա կայուն չէ, դա միահեծան է»։

Աշոտյանը կրկնեց, որ ՀՀԿ-ն քաղաքական որևէ շահ չունի. «Հայաստանի ժողովրդավարության տակ ական մի դրեք, լավ նպատակների համար վատ մեթոդներով առաջ գնալ չի կարելի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ