Սուտ է, թե իբր Հայաստանը խնդիրներ է ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված.Սերժ Սարգսյան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/haaga_1395763257.jpg)
Հաագայում կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովում ելույթ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը
Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Գագաթնաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ես էլ եմ միանում Նիդերլանդների հասցեին հնչեցված շնորհակալական խոսքերին՝ գագաթնաժողովը փայլուն կազմակերպելու եւ անցկացնելու համար:
Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում: Սեուլի գագաթնաժողովից հետո Հայաստանը քայլեր է իրականացրել համաձայնեցված նպատակների ուղղությամբ: 2013թ. մայիսին Հայաստանը վավերացրել է «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի» 2005թ. լրացումը եւ «Աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան: Երկու փաստաթղթերի վավերագրերն էլ հանձնվել են ի պահ ԱԷՄԳ-ին: Ամրապնդել ենք միջուկային նյութի հաշվառման եւ վերահսկման իրավական գործիքները՝ լրացումներ կատարելով «Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում:
Միջուկային ահաբեկչության վտանգի չեզոքացման ուղղությամբ 2013թ. հունվարին ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում հիմնադրվել է Միջուկային եւ ռադիոլոգիական նյութերի տեխնիկական եւ փորձաքննական լաբորատորիա: Այն զգալիորեն նպաստել է միջուկային մաքսանենգության անդրազգային սպառնալիքին արձագանքելու Հայաստանի կարողությունների բարելավմանը:
Կանխարգելման հարցերում առանցքային եմ համարում տարածաշրջանային համագործակցությունը: 2012թ. հունիսին հարեւան Վրաստանի հետ մենք անցկացրեցինք զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի համատեղ միջսահմանային վարժանք:
Հայաստանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձեւի իրականացման ազգային ծրագրի մշակում` ներգրավելով ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 կոմիտեի եւ Եվրոպական միության փորձագետներին:
Հարգարժա՛ն պարոն նախագահող,
Այսօրվա նիստում Ադրբեջանի Նախագահը հարց բարձրացրեց Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ: Ցանկանում եմ նշել, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում՝ հետեւողականորեն կատարելով գործակալության թիվ 640 տեխնիկական փաստաթղթով սահմանված պահանջները: Այդ մասին են վկայում ԱԷՄԳ-ի կողմից անցկացրած ՕՍԱՐՏ առաքելության արդյունքները: Ինչ վերաբերում է հնչեցված բամբասանքներին, որ իբր մենք խնդիրներ ենք ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված, ապա այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության դրսեւորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետեւ մենք մեր բոլոր ծրագրերը համակարգում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ:
Շնորհակալություն ուշադրության համար: