88,7%-ը դեմ է պարտադիր կուտակայինին կենսաթոշակին. Գելափի հետազոտության արդյունքները
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Գելափ ինթերնեյշնալ ասոցացիա” միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրեց այս տարվա փետրվարի 13-ից 28-ը , Երևանում անցկացված հետազոտության արդյունքները: Հետազոտությունը վերաբերվում էր պարտադիր կուտակային կենսաթոշակի վերաբերյալ քաղաքացիների ձևավորած տեսակետին:
Հեռախոսակապիմիջոցով հարցումներին մասնակցել է 1066 մարդ:
Հարցվողների 93%-ն ասել է, որ լսել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, 7%-ը՝ չի լսել։
Հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը ասաց, որ երբ փորձել են հասկանալ, թե որքանով են մեր քաղաքացիները տեղեկացված ներդրված համակարգի վերաբերյալ, մտահոգիչ ցուցանիշ է արձանագրվել։ Հարցվածների շուրջ 60%–ը նշել է, որ տեղեկացված չեն կամ քիչ են տեղեկացված ներդրված համակարգի վերաբերյալ։
Հարցվածների 88,7%–ը դեմ է արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Օրենքին դեմ արտահայտվածների 34,3% -ը դեմ է արտահայտվել, որովհետև, ըստ նրանց, կուտակած գումարները ետ ստանալու երաշխիք չկա, 32,9%-ը չի վստահում Կառավարությանը, 27,3%-ը կարծում է, որ աշխատավարձից 5%-ի պահումը բավական մեծ գումար է, 18,8%-ը նշել է, որ չի վստահում ֆոնդերին, 18%-ը չի վստահում կուտակային կենսաթոշակային համակարգին, 18,4%-ը դեմ է համակարգի պարտադիր լինելուն և 5,5%-ը դեմ է, որովհետև կուտակված գումարներն ուղարկվելու են արտերկիր։
“Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա” միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանն նշեց , որ հարցումն անցկացվել է իրենց միջոցներով, այսինքն պատվիրատու չկա։
Արամ Նավասարդյանը փաստեց, թե հակառակ իրենց սպասումների, որ մինչև 40 տարեկանների շրջանում պետք է ավելի շատ դեմ արտահայտվեն օրենքին, քանի որ այն նրանց վերաբերվում, պատկերը բոլորովին այլ է եղել՝ 40 տարեկանից բարձր տարիքային խմբում ավելի շատ են դեմ արտահայտվել օրենքին։
Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցվածների 85%-ը չի մասնակցում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած ակցիաներին։