25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խարդախող լեզվով խոսեցին ինձնից և ատելության իրենց խոսքերով ինձ պաշարեցին

Օրհնությունների իմ Տե՛ր և Աստվա՜ծ, լուռ մի՜ պահիր Քեզ, քանի որ իմ դեմ բերա՛ն բացեցին նենգ ու մեղավոր: Խարդախո՛ղ լեզվով խոսեցին ինձնից և ատելությա՛ն իրենց խոսքերով ինձ պաշարեցին: Առանց պատճառի՝ պատերազմների՛ մեջ մտան ինձ հետ և իրենց հանդեպ իմ սիրո փոխան՝ մատնեցին ինձ դա՛տ ու դատաստանի, մինչ ես նույն ժամին՝ աղոթքի՛ էի կանգնած Քո առջև: Ես նրանց համար բարի՛ն գործեցի, բայց հատուցեցին նրանք ինձ չարո՛վ, իմ սիրո փոխան՝ ատելությա՜մբ ինձ պատասխանեցին:

Թող մեղավո՛րը տիրի նմանին և նրա աջում իշխի սատանա՜ն: Իր դատաստանից թող դատապարտվա՜ծ միայն դուրս ելնի և աղոթքներն իր վերածվեն մեղքի՛: Կյանքի օրերը թող որ նվազե՜ն և այցելությունն իր՝ սրբատեղիդ՝ իրենից առնվի՝ տրվի ուրիշի՛ն: Թող որդիները նրա որբանա՜ն, կինն այրիանա՜ և զավակաները դառնան թափառո՛ղ՝ մուրացկա՜ն մարդիկ, վտարվե՜ն իրենց ապրելավայրից: Թող փոխ տվողը քննի նրա ունեցվածքն ամեն և վաստակները օտարնե՜րը գան ու հափշտակեն:

Օգնական մեկը թող չգտնվի՜ նրա կողքերին, չլինի՜ մեկը ողորմություն տա որբերին նրա: Թող նրա որդիք տրվեն կոտորմա՜ն և ազգի միջից նրա անունը ջնջվի՛ հավետ: Թող Տիրոջ առջև նրա հոր գործած մե՜ղքն հիշատակվի, իսկ մեղքերը մոր՝ էլ չջնջվե՜ն, այլ թող որ դրանք Տիրոջ առջևում դրված տեսնվեն ամե՜ն ժամանակ: Թող նրա բոլոր հիշատակները ողջ երկրով մեկ մատնվեն ջարդի՜, որովհետև որ՝ չհիշե՜ց անգամ, թե ողորմություն պիտի կամենար:

Բայց նա աղքատին ու անտուն մարդուն խո՜ր ագահությամբ հալածեց ի մա՛հ, սրտով խոնարհին սպանե՜լ փորձեց: Սիրեց անե՜ծք տալ, որոնք որ պիտի իր վրա՜ դառնան, և չկամեցավ տալ օրհնություններ և օրհնությո՜ւնն էլ պիտի նրանից այլևս հեռանա՛: Անեծքներն իբրև հանդերձա՜նք հագավ և որպես գոտի՜ կապեց իր մեջքին: Այս էին գործում բոլոր նրանք, որ՝ չարախո՛ս էին մեր Տիրոջ առջև և սրանք էին իմ անձի մասին անվե՜րջ բամբասում: Իսկ Դո՛ւ, Տե՜ր իմ, Տե՜ր, անձիս հետ վարվիր այնպես, ինչպես որ վայելո՜ւմ է Քեզ, քանի որ քա՜ղցր է ողորմությունդ. հասի՜ր, փրկի՜ր ինձ, որովհետև ես մա՛րդ եմ մի աղքատ, որ տո՛ւն իսկ չունի:

Սի՛րտս է իմ ներսում սաստիկ խռովվել, ինչպես ստվերը` ես խուսափում եմ անգա՜մ ինձանից, և նվազում եմ ստվերի՛ նման, և ինչպես մորեխն է բույսը թափ տալուց վա՜ր թափվում, այդպե՜ս՝ հենց ինքս ինձանից ես վա՛ր թափվեցի: Սաստիկ պահքերից ծնկներս արդեն խի՜ստ տկարացան, և դժգունել է մարմինս արդեն բժշկման համար քսածս յուղից, որով ձգտում եմ կյա՜նքս պահպանել: Ես նրանց աչքի նախատի՜նքն եղա, նայում էին ինձ և գլուխները անվե՜րջ օրորում:

Օգնի՜ր ինձ, ի՛մ Տեր և ո՜վ իմ Աստված, ըստ Քեզ վայելող սուրբ ողորմությամբ՝ եկ ու փրկի՜ր ինձ: Թող որ ճանաչե՛ն, թե Ձե՜ռքդ հասավ և ինձ ազատե՜ց, և փրկությունս Ի՛նքդ գործեցիր: Նրանք շարունակ անիծո՛ւմ են ինձ, սակայն Դու պիտի օրհնե՜ս, ո՜վ Աստված, և նրանք, ովքեր ինձ վրա ելան՝ պիտի ամաչե՜ն, և պիտի ուրա՜խ լինի Քո ծառան՝ առջևդ կանգնած:

Պիտի ամոթի մե՜ջ ընկնեն նրանք, ովքեր իմ մասին եղան չարախոս, և թիկնոցի պես իրենց ամոթը իրե՜նք իսկ կրեն: Իսկ ես պիտի իմ շնորհակալությունս Տիրոջս հայտնեմ՝ ի՜մ իսկ բերանով. և բազմության մեջ Քե՜զ պիտի օրհնեմ, Տե՜ր իմ և Աստվա՜ծ: Որովհետև Նա՜ եկավ ու կանգնեց անտունի՛ աջում՝ փրկելու համար նրանցից, ովքեր շարունակաբար, հոգի՛ս դրեցին հալածանքի մեջ:

 Սաղմոս 108
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ