Սխալ մակնշած և ժամկետանց ձվերի վաճառքը շարունակվում է. ահազանգ
”Երեկ ”Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարական կազմակերպությունը ստացել էր ահազանգ այն մասին, որ իրացման կետերից մեկում նկատել է ժամկետանց ձու` 17.02 արտադրության: Կազմակերպության անդամների կողմից իրականացված ուսումնասիրությունից հետո տնտեսվարողն իհարկե բարյացակամորեն վաճառքից դուրս է բերել ձվերը, սակայն խնդրել է նաև համոզվել, որ հետևում է պիտանելիության ժամկետներին և որ ժամկետանց ձվի պատճառն այն է, որ առաքիչը ներկայացրել է սերտիֆիկատ` 60 օր պիտանելիության ժամկետով:
Նշված փաստի արձանագրումից հետո հասկանալի դարձավ, որ խախտման պատճառը ներմուծող ընկերությունն է, և անգամ շաբաթներ առաջ բարձրացված աղմուկից հետո շարունակվում է խախտվել օրենքի պահանջը: Կապ հաստատելով մարզերում բնակվող մեր գործընկերների հետ` տեղեկացել ենք նաև, որ մարզերում ևս շարունակվում է սխալ մակնշած և ժամկետանց ձվերի վաճառքը և շատ ավելի մասսայական բնույթի: Հատկապես մեծ են ծավալները Արտաշատում, Վեդիում, Վանաձորում և Գյումրիում: Իրացման կետերում նկատվել են անգամ հունվար ամսվա արտադրության ձվեր (01.26):
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը` շտապ կարգավորելու նշված խնդիրը, իսկ քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգոնություն, ձեռք չբերել ժամկետանց ձու և ձեռք բերել բացառապես մինչև 25 օրվա արտադրության ձվեր”,-Facebook-յան իր էջում գրել է Բաբկեն Պիպոյանը: