23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ապաշխարել, թե դարձի գալ

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ բառի տարբեր կերպով ընկալումը հաճախ վեճերի տեղիք է տալիս: 
Եկեղեցում յոթ խորհուրդներից մեկն է ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆԸ, որովհետեւ Աստված է մարդու սրտում բուն գործն անում՝ քարեղեն սրտի փոխարեն մսեղեն սիրտ տալիս եւ Իր Հոգով հեղափոխում մեր ներաշխարհը: (“Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ” Եզեկիել 36.26):

Ավանդական եկեղեցիները եւ բողոքականները տարբեր ընկալումով են այս բառը գործածում: 
Բողոքականի ընկալած “ապաշխարած”-ին եկեղեցում “դարձի գալ, դարձի եկած” են ասում՝ դրա տակ ընկալելով Աստծուն սրտով հավատալը, ճանաչելը, զղջալը, կյանքը փոխելը, մկրտվելը եւ Քրիստոսի Եկեղեցում համայնքային կյանքով ապրելը:

Թյուրընկալումը գալիս է Ավետարանի մեջ հրեաներին ուղղված “ապաշխարեք”-ից: Հրեան հավատում էր Աստծուն, բայց Քրիստոսին ընդունելու համար փարիսեցիական վիճակից պիտի հետ կանգներ, զգար իր կեղծավոր վիճակը եւ ապաշխարեր՝ մտքի ու սրտի նորոգություն ունենար, որ փոխի նաեւ կյանքը: Այսինքն՝ դա արդեն ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՎԱՏՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԲՌՆԱԾ մարդու համար է:

Այնինչ հեթանոսները, որոնք պաշտում էին այլ աստվածների, իրական Աստծուն ճանաչելու եւ հավատալու դեպքում ԴԱՐՁԻ ԵՆ ԳԱԼԻՍ եւ մկրտվում:

Դարձի գալը մեկնարկ է, սկիզբ Աստծով ապրելու: Իսկ ապաշխարությունն արդեն մկրտված եւ Եկեղեցում եղող մարդու՝ հետո արված մեղքերի զղջման եւ դեպի մկրտության ուխտ վերադարձի ընթացքն է, որ, կարելի է ասել, ամբողջ կյանքի ընթացքում շարունակվում է…

Եթե փորձենք պատկերավոր ձեւակերպել, մոտավորապես այս համեմատությունը կստանանք.
Դարձը եւ մկրտությունը մուտք է դեպի փրկություն նավարկող եկեղեցի-տապան, որը, իբրեւ Քրիստոսի մարմին, պատսպարում է մեղքի ծովից: Հետո արված մեղքը այդ տապանից դուրս ընկնելն է կրկին մեղքի ծով: Ապաշխարությունն այդ ընկածին նավից նետված փրկողակն է, որով նա կրկին վերադառնում է փրկության նավ՝ Քրիստոսի խորհրդական մարմին Եկեղեցի:

Հ.Գ. Հիսուսի պատմած անառակը հոր որդին, որ հեռացել է տնից, ապաշխարությամբ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է: Թեկուզ կորած, բայց որդի է, նոր չէ, որ դառնում է որդի: ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁ Է ԱԱՍՏԾՈ ՈՐԴԻՈՒԹՅԱՆ:

Տեր Նշան քահանա Ալավերդյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ