Թող ոչ ոք չնեղանա. Հայրիկյանը՝ ՛՛Ժառանգությանը՛՛

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը իրազեկել է Երևանի քաղաքապետարանին մարտի 28-ին Ազատության հրապարակում միջոցառման անցկացնելու թույլտվության համար: Henaran.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ դեռ պարզ չէ հանրահավաք կլինի, թե ոչ: ՛՛Դեռ ոչինչ չենք որոշել, եթե որոշենք հանրությանը տեղյակ կպահենք՝ միջոցառում կլինի, թե ոչ, և եթե լինի, ինչ ֆորմատով կլինի՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ քանի որ օրենքը պահանջում է մի քանի օր շուտ տեղեկացնել, իրենք էլ հայտ են ներկայացրել:
՛՛Ժառանգության՛՛ այս գաղափարը կարծես թե ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի սրտով չէ: Նա Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Պարզւում է, ՛՛Ժառանգութիւնը՛՛ դեռ չի կողմնորոշուել, թէ ինչ է անելու, բայց մի հարցում հստակ է. զբաղեցնել հրապարակը մարտի 28-ին ժամը 11-ից 23-ը։ ԱԻՄ-ից մի քիչ շուտ են հայտ ներկայացրել եւ, այդ պատճառով իրենց համաձայնութիւնն է պէտք ժամը 16։00-ից 17։00-ի համար (երթի հարցում խնդիր չունենք)։ Չնայած մերնց տուած իրենց խոստումին՝ հստակեցնել իրենց անելիքը եւ տեղեկացնել, ոչ իրենց անելիքն են հստակեցրել, ոչ էլ մեզ են հնարաւորութիւն տալիս մարդկանց հստակ որեւէ ժամ ասել 28-ին մեր ծրագրած հանրահաւաքի մասին։ Մի քիչ էլ սպաենք, յետոյ թող ոչ ոք չնեղանայ…՛՛:
Հայրիկյանի այս գրառման հետ կապված Մարտիրոսյանը միայն նշեց, որ քանի որ իրենք նախատեսում են այդ օրը հանրահավաք ունենալ, արդեն դիմել են: