Տարոն Մարգարյանը բանալիներ է հանձնել
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների եւ արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին եւ Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, Փարիզ, Գյումրի եւ Երեւան քաղաքների պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանին:
Շնորհավորելով բնակարանների տրամադրման կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց անձնական ներդրումը ինչպես հայ մշակույթի, այնպես էլ Երեւանի զարգացման գործում. «Արդեն երկրորդ տարին է, ինչ hանրապետության Նախագահի առաջարկությամբ մենք բնակարաններ ենք հանձնում մեր ճանաչված ու վաստակաշատ քաղաքացիներին, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Վստահեցնում եմ, որ սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական եւ, տա Աստված, մենք այնքան հնարավորություններ ունենանք, որ այս խնդիրն ունեցող վաստակաշատ մեր համաքաղաքացիներին օր առաջ ապահովենք սեփական տանիքով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մուրադ Մուրադյանն ու Արարատ Աղասյանն էլ, շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար, նշել են, որ քաղաքային իշխանության սույն որոշումն իրենց համար իսկապես հաճելի ու երկար սպասված անակնկալ էր։
Նշենք, որ Երեւանի ավագանին մարտի 19-ին գումարած նիստում որոշում էր կայացրել Երեւան համայնքի սեփականություն համարվող բնակարանները տրամադրել Արարատ Աղասյանին եւ Մուրադ Մուրադյանին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն