27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կունենանք նոր տիպի տրանսպորտային համակարգ, որը նույնիսկ Եվրոպայում չկա. Արարատ Զուրաբյանի նախընտրական խոստումները

Երևանը դառնալու է «Խելացի քաղաք»: Այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը: Դաշինքի կազմում «Հայոց Համազգային շարժում» և «Հայոց Հայրենիք» կուսակցություններն են:

«Այդ գաղափարն աշխատում է ամբողջ աշխարհում, դա մի ամբողջական համակարգ է, որը իր մեջ ներառում է բազմաթիվ խնդիրների լուծում:

Վերցնենք տրանսպորտի խնդիրը, այս մասով մեր առաջարկը լինելու է հետևյալը. Երևանի քաղաքապետարանը հիմանդրելու է Բաց բաժնետիրական ընկերություն և առաջարկելու է Երևանի տրանսպորտային ոլորտում ներգրավված սեփականատերերին և անհատ երևանցիներին դառնալ Երևանի տրանսպորտային համակարգի բաժնետերեր: Սրա միջոցով կունենանք նոր տիպի տրանսպորտային համակարգ, որը նույնիսկ Եվրոպայում չկա», – ներկայացրել է Զուրաբյանը:

Զուրաբյանը նաև Երևանի շենքերի կտուրների հետ կապված խնդիրն է առանձնացրել՝ ասելով, որ արևային էներգիայի համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր տանիք պետք է դառնա եկամուտ ապահովող միավոր.

«Տանիքներին արևային պանելներ կարող են տեղադրվել, յուրաքանչյուր քաղաքացի մաս է կազմելու այն համակարգերի, որոնք օգտակար մի բան են տալու, օրինակ՝ էլեկտրաէներգիա: Երևանի յուրաքանչյուր քաղաքացուն հնարավորություն կընձեռվի անել փոքր ներդրում և ակնկալել եկամուտ տրանսպորտի, էլեկտրաէներգիայի ստացման, առևտրի և այլ ոլորտներում: Այսինքն՝ Երևանը պետք է հավելյալ արդյունք ստեղծի, և երևանցիները պետք է դառնան այդ արդյունքի մի մասը»:

Զուրաբյանը նաև նշել է, որ Երևանում ստեղծելու են տնկարանային տնտեսություն և կաթիլային ոռոգման համակարգ, որպեսզի լուծվի կանաչապատման խնդիրը: Նա հավելել է, որ Երևանի յուրաքանչյուր խնդրի հետ կապված հստակ լուծում կառաջարկեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ