Եթե մեզ թաղում են, վեր կկենանք. հազարավոր մարդիկ նստել են ճանապարհներին
Այսօր ժամը 12-ից սկսած Կարբի, Օհանավան, Ուշի , Սաղմոսավան, Եղվարդ և Նոր Գեղի գյուղերի բնակիչները փակել են դեպի Դեմիրճյան այգիներ տանող ճանապարհը: Գյուղացիների մի մասն էլ փակել է Երևան-Ապարան մայրուղին: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ:
Այս պահին շուրջ 2 հազար մարդ նստած են ճանապարհին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Կարբի գյուղի բնակիչ Արա Խուդավերդյանը:
“Ամեն բան անում են, որ մեր այգիները չորանա, էս երկրում ժողովրդի դեմ են բոլորը: Ամեն բան անում են, որ բոլորս վեր կենանք ու գնանք էս երկրից: Սպանում են սաղիս….”,-մեզ հետ զրույցում ասաց Արա Խուդավերդյանը:
“Ժողովուրդը կկանգնի իր էն ղեկավարի կողքն ու թիկունքը, ով կպաշտպանի իր իրավունքները, իսկ եթե մեզ էսպես թաղում են, մենք վեր կկենանք ու կպայքարենք մեր իրավունքների համար”,-նշեց Խուդավերդյանը հավելելով, որ իր ընտանիքի գոյությունը պահող միակ եկամտի աղբյուրը իր խնձորի այգին է:
14:30-ի դրությամբ. ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երկխոսում է Արագածոտնի մարզի 7 գյուղերի, Երևան-Ապարան մայրուղին փակած բնակիչների հետ:Մեզ հետ զրույցում գյուղացիները տեղեկացրին, որ փոխվարչապետը առաջարկել է, որևէ փակ տարածքում հիմնախնդրով շահագրգիռ բնակիչներից կազմված պատվիրակության հետ քննարկել ստեղծված իրավիճակը:
Սակայն գյուղացիները անդրդվելի են, նրանք պահանջում են խոսել իրենց հետ տեղում:
Այս պահին Երևան-Ապարան միջգերատեսչական ճանապարհը փակ է:
15:20. փոխվարչապետը խոստացավ,որ շինարարությունը կդադարեցվի: Գյուղացիները հետագա ընթացքի մասին կտեղեկացվեն 2 օր հետո:
Գյուղացիները բացեցին ճանապարհը:
Հիշեցնենք, որ գյուղացիները պահանջում են դադարեցնել Կարբի և Օհանավան գյուղերի մոտակայքում նոր ՀԷԿ-ի կառուցումը: