Այդ հարցը կարող եք ուղղել ՀՀ վարչապետին ու ԱԳ նախարարին. Ֆարմանյան
Հայաստան–Ռուսաստան հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն մեր պետության համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
«Անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն է գտնվում իշխանության ղեկին, կան առաջնային խնդիրներ, որոնց լուծումն այդ իշխանության համար շատ կարեւոր է, եւ կարեւոր է մեր ժողովրդի համար։ ՌԴ–ի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու խորացումն առաջնային նշանակություն ունի։ Ես եւ իմ գործընկերները մեր հրապարակած հոդվածում մեր մտահոգությունն ենք հայտնել ՀՀ–ՌԴ հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղ գտած իրողությունների առթիվ»։
Պատգամավորը հույս հայտնեց, որ բոլոր գործողությունները, որոնք ձեռնարկվել են կամ կձեռնարկվեն ներկայիս իշխանությունների կողմից, կբխեն բացառապես ՀՀ ազգային եւ պետական շահերից, «նախկին փորձի համակողմանի ուսումնասիրություններից բխող որոշումներ կկայացվեն եւ ի վերջո մի օր գուցե կվերեւանան այն խութերը, այն չհասկացվածությունն ու մտահոգությունները, որոնք արտահայտում եմ ես ու իմ գործընկերներեւ, նաեւ անաչառ փորձագետներ»։
Նա հավաստիացրեց՝ պետական շահին հետեւելը ենթադրում է արտաքին քաղաքական նախորդ կուրսի շարունակություն, բայց շարունակություն, որը ունի բովանդակություն եւ չի մնացել հայտարարությունների մակարդակում։ Պատգամավորը, սակայն, հրաժարվեց մանրամասնել, թե որ հայտարարություններն են, որ միս ու արյուն չեն ստացել. «Այդ հարցը կարող եք ուղղել ՀՀ վարչապետին ու ԱԳ նախարարին, որոնք մշակում եւ իրականացնում են ՀՀ արտաքին քաղաքականությունը»։
Անդրադառնալով Փաշինյան–Պուտին հանդիպմանը՝ նա նշեց, որ առանձին հանդիպումներով չի պայմանավորում խնդիրների լուծումը, եւ կարծում է, որ դա ավելի համակողմանի ու գունեղ գործընթաց է։
Ֆարմանյանը հավաստիացրեց՝ հայ–ռուսական հարաբերություններում խնդիրներ կան առաջ եկած. «Ես չգիտեմ ուրիշ ինչ մանիֆեստացիա պետք է տեղի ունենա, ոչ ցանկացած ռացիոնալ քաղաքացի, քաղաքական գործիչ, փորձագետ հասկանա, որ այդ հարաբերություններում խնդիրներ կան առաջ եկած»։
Նա հավելեց, որ ԼՂ կարգավորման հարցը միշտ եղել է երկկողմ հարաբերությունների օրակարգում եւ հայտարարությունները, որ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը քննարկվելու է այդ հարցը, զարմանալի չեն։
Նշենք, որ հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում:
Սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում են անցկացրել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:
ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: