Ջրից ելնել, կրակն ընկնել. պատգամավորները քննադատում են կառավարության նախագիծը
«Այստեղ չկա մեկը, որը դեմ չլինի ընտրակաշառքին, բայց չի կարելի ջրից ելնել, կրակն ընկնել»,-այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է ընտրակեղծարարության պատիժը խստացնող օրինագծերի փաթեթը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ոչ միայն կաշառք տալու եւ ստանալու , այլեւ խոստանալու համար: Հենց այս դրույթը պատգամավորները մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր են համարում:
«Չի կարելի ավելի կարեւոր շահեր ոտնահարել: Չի կարելի մարդուն նստացնել 3 տարի ընդամենը նրա համար, որ խոստացել է քեզ կողմ քվեարկել»,-շարունակեց Գեւորգ Պետրոսյանը:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարեց, որ մարդիկ այսուհետեւ կխուսափեն ընտրականա գործընթացին մասնակցել՝ շառի մեջ չընկնելու համար: