Ես ընդհանրապես փոխելու եմ պաղպաղակի բաղադրությունը. Նաիրա Զոհրաբյան
«Իմ օրենսդիր ձեռքն այլևս վնասված է»,-այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանն այսօր՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ տոնակատարություն-հյուրասիրություն էր կազմակերպվել երեխաների համար:
Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ ավագանու թեկնածու, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանն էլ երեխաներին պաղպաղակ էին հյուրասիրում: Այս արարողությունից հետո Նաիրա Զոհրաբյանն անկեղծացավ, թե ընտրում է օրենքներ գրելը ու վնասված ձեռքը ցույց տալով՝ ասաց. «Պարզվեց խորհրդարանում ելույթ ունենալը շատ ավելի հեշտ գործ է, քան պաղպաղակ լցնելը և պաղպաղակ տալը: Սա շատ ավելի բարի ու գեղեցիկ գործ է, բայց երևի թե ես զբաղվեմ օրենքներ գրելով»:
Պետրոս Ղազարյանն էլ միջամտեց. «Նաիրա Զոհրաբյանն ուզում է ասել, որ եթե ավագանու ընտրություններում Նաիրա Զոհրաբյանը հաղթի, պաղպաղակի գները Երևանում անկում են ապրելու»:
Մեր հարցին՝ սա որպես նախընտրական խոստո՞ւմ դիտարկենք, Պետրոս Ղազարյանը կես կատակ կես լուրջ արձագանքեց. «Ընտրակաշառք, ինչո՞ւ միայն խոստում»:
Նաիրա Զոհրաբյանը, պաղպաղակի թեման շարունակելով, վստահեցրեց. «Ես ընդհանրապես փոխելու եմ պաղպաղակի բաղադրությունը, որովհետև այս պաղպաղակները, որ ուտում եք, քանի որ ես չեմ ուտում պաղպաղակ, վնասակար է առողջությանը: Ես անպայմանորեն դիետոլոգներին առաջարկելու եմ փոխել պաղպաղակի բաղադրությունը. անցնել սորբեների, որտեղ ըստ էության շաքար չկա»:
Մեր դիտարկմանը՝ պարտադիր պետք է քաղաքապետ դառնաք, որ այդ փոփոխությունն անե՞ք, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, դա Պետրոս Ղազարյանի առաջարկն է քաղաքապետ դառնալու մասով: Պետրոսի նախընտրական ծրագրում է ուղիղ կապը քաղաքապետի և պաղպաղակի միջև: Սա իմ՝ որպես առողջ սննդակարգի կողմնակցի առաջարկն է»: