24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ  հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ:            

Այսօր անմոռանալի օր և կյանքի մի նոր շրջափուլի սկիզբ է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր սկսելու են բացահայտել ճանաչողության, գիտելիքների, մարդկային հարաբերությունների մի նոր աշխարհ: Նաև սովորելու են զարգացնել և ներդաշնակել ազատության ու պատասխանատվության, իրավունքների ու պարտականությունների իրենց ըմբռնումները, գիտակցել պարտքը հայրենիքի ու հասարակության հանդեպ: Այդ հարցում շատ մեծ դեր է վերապահված այն օգնությանը, որը պիտի ցուցաբերեն նրանց ծնողները և մանկավարժները:

Սիրելի՛ ուսուցիչներ և դասախոսներ, այսօր բացվում է ձեր մանկավարժական կենսագրության հերթական էջը, որում, լիահույս եմ, շատ ու շատ ձեռքբերումներ են արձանագրվելու: Դրանք վկայելու են, որ շարունակում եք հայ բազմադարյա դպրության հարուստ ավանդույթները: Մաղթում եմ, որ այս ուսումնական տարում ևս բազմաթիվ առիթներ ունենաք հպարտանալու ձեր սաների հաջողություններով:

Գիտելիքն ու որակյալ կրթությունն այն ամուր հիմքն են, որի վրա խարսխվում են ազատ հասարակություն և դինամիկ զարգացող, պաշտպանված ու բարեկեցիկ Հայաստան կերտելու մեր բոլոր ծրագրերը: Եվ ինչպես երեխաներն են Նոր տարվա գալստյան հետ կապում իրենց բազմաթիվ մանկական երազանքների իրականացման հույսերը, այնպես էլ մենք պիտի յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա հետ կապենք մեր նվիրական նպատակների իրագործումը:

Առանձնահատուկ զգացումներով եմ դիմում Հայաստանի սահմանամերձ համայնքների և Արցախի կրթօջախներին: Այնտեղ հնչող դպրոցական զանգերը հայրենիքի դարպասներից տարածվում են ողջ երկրով և խաղաղություն ու վաղվա օրվա հանդեպ վստահություն են սերմանում բոլորիս հոգիներում:

Ուստի պիտի շարունակենք Հայաստանի և Արցախի կրթական համակարգերի հետագա զարգացումը, համաշխարհային առաջավոր փորձի յուրացումը: Դրա համար ունենք անհրաժեշտ օրենսդրական դաշտ և պիտի վստահ լինեք, որ Հայաստանի խորհրդարանը միշտ արագ կարձագանքի կրթական համակարգին առնչվող օրենքները կատարելագործելու յուրաքանչյուր հրամայականի:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ: Բոլոր աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին, կրթական համակարգի բոլոր աշխատողներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ