24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ. Քոչարյանը՝ իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին

Իմ հանդեպ հարուցված քրեական գործը որեւէ կապ չունի 2008-ի մարտի 1-ի 10 զոհի հետ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։

«Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եվ մենք բազմիցս դիմել ենք, նաեւ` հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, որպեսզի թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին։ Չկա այդտեղ քրեական գործ, չկան հիմնավորումներ, այսպես ասենք` իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ»,– ասել է Քոչարյանը։

Նա անդրադարձել է նաեւ նույն քրեական գործով անցնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ նշելով, որ այն, ինչ Հայաստանում արվեց Խաչատուրովի նկատմամբ անհեռատեսական քայլ էր, որը լուրջ մտահոգություն առաջացրեց ՀԱՊԿ շրջանակներում. «Հնարավոր է նաեւ, որ այդ քրեական գործի պատճառով մեր տեղը կորցնենք։ Չեմ կարծում, որ այս քրեական գործի առումով որեւէ հեռանկար կա, բայց վնասն արդեն իսկ հասցված է»:

Քոչարյանը հայտարարեց, որ 10 տարի առաջ, մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, իրենց լոզունգներով եւ քայլերով, ըստ էության, փորձել են տապալել սահմանադրական կարգը, այսօր փորձում եմ վրեժխնդրության հարց լուծել մարդկանց նկատմամբ, որոնք այն ժամանակ իշխանության գլխին էին։

«Սա է գործի ամբողջ էությունը եւ այս խնդիրն է դրված քննչական մարմնի առջեւ։ Պետք է ընդամենը հրաժարվել այդ մոտեցումից»,– ասել է ՀՀ 2–րդ նախագահը։
Նա համոզմունք է հայտնել, որ գործը պետք է քննվի իրական մեղավորներին գտնելու տրամաբանությամբ. «Պետք է փորձել գտնել մարդկանց, որոնք կրակել են եւ կրակել են ոչ միայն քաղաքացիների վրա, այլեւ այն մարդկանց, որոնք կրակել եւ սպանել են երկու ոստիկանի։ Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել քրեական գործի ամբողջական բացահայտման մասին։ Իսկ տվյալ դեպքում այս գործն ունի քաղաքական ենթատեքստ, եւ ես այն որակում եմ միայն որպես քաղաքական վենդետա։ Եկան իշխանության 10 տարի անց եւ փորձում են պատմությունը փոխել`արդարացնելու համար այն հանցագործությունները, որ արվել են հենց իրենց կողմից, մաքրել այն դատավճիռները, որ կայացվել են հենց իրենց նկատմամբ եւ որոնք օրինական ուժ ունեն մինչեւ այսօր»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց նրան՝ հիմնավորելով, որ ՀՀ նախկին նախագահն անձեռնմխելի է։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու մասին, մինչդեռ, ըստ ռուսական կողմի, Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը: Ներկայումս Խաչատուրովը Մոսկվայում է եւ իրականացնում է իր` ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ