Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը հրազենային վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց
2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգներով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները: Հարձակման հետևանքով Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Արման Մկրտումյանը՝ ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, ստացել է բուժօգնություն, հոսպիտալացվելուց հրաժարվել է և գնացել բժշկական կենտրոնից»,-այս մասին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ ավելի ուշ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն և դեռևս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել և դիմել փախուստի:
Հ. Ռիժենկոն ձերբակալվել է, մյուս երկու անձանց ինքնությունը պարզվում է;
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։