Աշխատավարձը 30%-ով իջեցրել են
Պաշտպանության նախարարության մի շարք աշխատակիցներ՝ հիմնականում միջին օղակի (վարչության, բաժնի պետեր, տեղակալներ եւ այլն) հայտնվել են աշխատավարձի իջեցման փաստի առաջ։ Մենք իմացանք, որ նրանց օրեր առաջ «աչքալուսանք» են տվել, որ տարիներ շարունակ «սխալ» աշխատավարձ են ստացել, եւ այժմ վերահաշվարկ է կատարվում։ Եվ այսուհետ նրանք կստանան մոտ 30 տոկոսով պակաս, քան մինչ օրս ստացել են։ Այս տեղեկությունը տառացիորեն դեպրեսիայի մեջ է գցել աշխատավարձով ապրող մարդկանց։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում կեսբերան հաստատեց այս տեղեկությունը։
«Պաշտպանության նախարարությունում Ձեր ասած կատեգորիայում սիստեմատիկ աշխատավարձի նվազում որեւէ զինծառայողի համար տեղի չի ունեցել։ Անհատական դեպքեր չեմ բացառում, որ կարող է լինեն, բայց սիստեմատիկ դեպքեր չկան»,- ասաց նա՝ նկատելով, որ դա կարող է լինել սխալմունք, որը հետո հնարավոր է ուղղեն։ Մեր տեղեկություններով, աշխատակիցներին բացատրել են, որ ՊՆ ֆինանսական վարչությունը սխալ է հաշվարկել նրանց գործակիցները, ավելի բարձր գործակցով է հաշվել աշխատավարձը, հիմա գլխի են ընկել եւ փորձում են սխալն ուղղել։ Ուղղակի պարզ չէ, թե ինչպես պետք է մարդիկ հաշտվեն նոր վարձատրության հետ, եւ ով է պատասխան տալու բյուջեին հասցված սխալի համար, քանզի, եթե հաշվարկենք, կարող է պարզվել, որ պետությանն ահռելի վնաս է հասցվել։