Երբ կկայանան Երևանի ավագանու ընտրությունները. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում որոշում կայացրեց Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու մասին: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ընտրության օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստը կայանալու է 30-40 օրվա ընթացքում:
Մենք պարզեցինք, որ օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է անելու և հայտարարելու է, որ սեպտեմբերի 23-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները: Ըստ այդմ՝ կուսակցությունների առաջադրումը կընթանա մինչև օգոստոսի 29-ը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանում են կուսակցական ցուցակներով: Գրանցումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը:
Մասնակիցների գրանցումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 10-ին, նոր կսկսվի քարոզարշավը, որը կտևի ընդամենը 11-12 օր, ինչը շատ քիչ է իրական քարոզչություն ծավալելու համար:
Հիշեցնենք, որ քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին, հայտարարվելու է լռության օր, և քարոզչությունն արգելվելու է: Այս մարաթոնյան ընտրարշավի ընթացքում 10-ից ավելի կուսակցություն պետք է հասցնեն երևանցիներին ներկայացնել իրենց ծրագրերը, ավագանու անդամների թեկնածուներին և ամենակարևորը՝ քաղաքապետի իրենց թեկնածուին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: