24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը

Կառավարության հերթական նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մշակվել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման նախագիծը:

Այսպիսով՝ նա նշեց, որ ընտրություններն անցկացնելու համար կառավարության պահուստային ֆոնդից  ոստիկանությանը նախատեսվում է տրամադրել 87 միլիոն 666 հազար դրամ և ընտրության օրը որոշվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին, և ընտրությունների օրը նշանակվելու է այն հրապարակվելուց հետո՝ 30-40 օրվա ընթացքում:

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկապես պատրա՞ստ է ընտրություններին, նախարարը դրական պատասխան տվեց: «Իսկ բարոյահոգեբանական առումո՞վ»,-ասաց վարչապետը, և Սուրեն Պապիկյանը նշեց, թե կարծում է՝ այո:

 «Դուք գիտեք, որ մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են, և հույս ունեմ, որ բոլորս գիտակցում ենք՝ այս ընտրությունները պետք է  լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության սկզբունքով»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը: «Ես ուզում եմ ընդգծել, որ խնդիրները հստակ են ձևակերպված, ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններին անելիք չունեն և եթե իրենց կարծիքով անելիք ունեն, ապա գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխնատվության: ՀՀ քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի, և սա մեր կառավարության պարտավորությունն է»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ այդպես էլ կլինի:

Վարչապետը, ամեն դեպքում հայտնի խմբերի շրջանակներին դիմելով, հույս հայտնեց, որ որևէ մեկը չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը, իսկ եթե կտրվի՝ իր ընտրությունն է, ՀՀ օրենքը սահմանում է, թե ինչ պետք է անեն իրավապահ, պետական մարմիններն այդ դեպքում:

Այսպիսով՝ ըստ նախագծի՝ 2018 թվականի հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը՝ 2018 թվականի հուլիսի 12-ին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ ավագանին հրավիրել է ավագանու նիստ, որի ընթացքում ընդունել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին սահմանելու մասին որոշում:

2018 թվականի հուլիսի 16-ին ավագանու նիստ չի կայացել՝ ավագանու անդամների կողմից մասնակցության անհրաժեշտ իրավազորությունը չապահովելու հիմքով: Այդ նիստից ի վեր՝ երկշաբաթյա ընթացքում որևէ խմբակցություն Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել:

Փաստորեն, առկա է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու հիմքը:

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ մշակվել է «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու  և անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի № 1717 –Ն որոշման մեջ լրացումներ կատարելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ