Տիկին Ֆարմանյանը քննությունից չի թաքնվում. Անահիտ Ֆարմանյանի պաշտպան
Անահիտ Ֆարմանյանը արձակուրդի ավարտից հետո վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն և մասնակցելու է դատավարական գործընթացներին, բայց մինչ այդ պաշտպանները նախապես բողոքարկելու են ինչպես կալանավորման մասին որոշումը, այնպես էլ Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու որոշումը։ «Հենարան» մամուլի ակումբում այս մասին փաստեց Անահիտ Ֆրմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Խուդոյանը նշեց, որ այս գործընթացն իրավական հետապնդում չի համարում։
Պաշտպանը հակադարձում է Անահիտ Ֆարմանյանի՝ քննությունից խուսափելու վերաբերյալ պնդումներին՝ նշելով, որ Ա․ Ֆարմանյանը և նրա պաշտպանները տեղեկացված չեն եղել, չեն ծանուցվել համապատասխան դատավարական գործողությունների մասին։
«Օգոստոսի 7-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ ամսի 8-ին արդեն դատարանը որոշել է կալանավորել նրան։ Նշված ժամանակահատվածում տիկին Ֆարմանյանը եղել է ամենամյա արձակուրդում՝ ՀՀ-ից դուրս։ Անահիտ Ֆարմանյանը մինչև արձակուրդը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների և չի ունեցել որևէ կարգավիճակ։ Ես անձամբ դեռևս հուլիսի 19-ին տեղեկացրել եմ քննիչին, որ պատրաստ ենք մասնակցել դատավարական գործընթացին»,- հայտնեց պաշտպան Խուդոյանը։
Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը խաբեությամբ հափշտակել է 20 մլն դրամ։ Առաջադրված մյուս մեղադրանքում էլ նշվում է, որ Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակավորման գնահատական ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր միջին որակավորման գնահատական ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից:
Ավելի ուշ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ա. Ֆարմանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Անահիտ Ֆարմանյանի պաշտպան Նարեկ Ալոյանն էլ ասուլիսին հայտարարեց, որ երբևէ վարույթ իրականացնող մարմնից խուսափելու դեպք չի արձանագրվել։ Ավելին, Ա․ Ֆարմանյանի արձակուրդ մեկնելու մասին տեղեկացված է եղել վարույթ իրականացնող մարմինը։
«Ես տեղյակ պահել եմ վարույթ իրականացնող մարմնին, նույնիսկ հայտնել եմ, որ նա ավելի վաղ է վերադառնալու արձակուրդից, սակայն շուտ վերադառնալու և դատավարական գործողություններին մասնակցելու անհրաժեշտության մասին մեզ չի ասվել»,- ասաց նա։
Ավելին՝ տեսանյութում: