Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը հաջող է ընթանում. Ա. Նավասարդյան
Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը հաջող է ընթանում:
Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Դեսպանը մոտ ապագայում լուրջ փոփոխություններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ դա չի բխում ոչ Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից:
Նավասարդյանը կարևորեց Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին նախատեսվող մասնակցությունը ՄԱԿ-ի գագաթնաժողովին:
«Շատ եմ կարևորում մեր իշխանությունների կողմից նախատեսվող մասնակցությունը Միավորված ազգերի կազմակերպության գագաթնաժողովին: Դա լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցելությունն այդ կառույց և, կարծում եմ, որ այն կունենա կանխորոշիչ դեր հետագա քաղաքական զարգացումների համար»,- նշեց Նավասարդյանը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը՝ Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ դա մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա:
«Օրերս Դոնալդ Թրամփը հայտարարել էր,որ եթե լինեն պետություններ, որոնք կշարունակեն առևտրական կամ տնտեսական հարաբերություններն Իրանի հետ, ապա ԱՄՆ-ն կփակի ճանապարհը այդ երկրների հետ բոլոր տեսակի հարաբերություններում: Արդյո՞ք այս հայտարարությունը կարող է ազդել այլ պետությունների հարաբերությունների վրա, որոնցից մեկը Հայաստանն է: Կարծում եմ, որ Հայաստանի հարաբերություններին այլ պետությունների հետ Միացյալ Նահանգների վերաբերմունքը եղել է բավականին մեղմ, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին: Միացյալ Նահանգները ըմբռնմամբ են մոտենում նաև Իրանի հետ մեր հարաբերություններին, քանի որ Հայաստանը, լինելով սահմանակից երկիր և շրջափակման մեջ, չի կարող Իրանի հետ չունենալ հարաբերություններ: Չեմ կարծում, որ այստեղ լինեն խոշոր փոփոխություններ»,- ասաց Նավասարդյանը։