Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև, նրանք քննարկել են առաջին հերթին ՀԱՊԿ-ին առնչվող արդիական հարցեր: Նույն խնդիրը քննարկվել է նաև ավելի վաղ կայացած Լուկաշենկո-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ. գրում է РЕГНУМ-ը:
Գործակալությունը հիշեցնում է ՀՀ-ում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքների մասին և այն մասին, որ Երևանը նախաձեռնել է գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը:
«ՀՀ-ն կցանկանար պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` փոխելով Խաչատուրովին այլ անձով: Սակայն խնդիրը կայանում է դրանում, որ, ինչպես կարծում են РЕГНУМ-ի աղբյուրները, քաղաքական իրավիճակը Երևանում անկանխատեսելի է զարգանում: Ով կարող է երաշխավորել, որ Խաչատուրովին փոխարինած անձին ևս ինչ-որ մեղադրանք չի առաջադրվի:
ՀԱՊԿ-անդամ երկրների մայրաքաղաքներում, բացառությամբ ՀՀ-ի, կա կարծիք, որ թեև նախագահությունը մինչև 2020 թվականը պատկանում է ՀՀ-ին, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցել այբուբենով ՀՀ-ին հաջորդող Բելառուսին: Քանի որ Երևանի կողմից առաջարկված թեկնածուն չի ստանա ՀԱՊԿ անդամ երկրների հավանությունը, կապված այն բանի հետ, որ ՀԱՊԿ-ի հեղինակությանը հարված է հասցվել»,-գրում է գործակալությունը: