24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական իշխանությունների քայլերը ինձ հիշեցնում են ֆրանսիական յակոբինյաններին. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  պատասխանել է «Մեդիալաբի» հարցերին. 

– Պարո՛ն Շարմազանով, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կնոջը նույնպես մեղադրանք է առաջադրվել։ Ինչպե՞ս եք գնահատում։

 – Վաչագան Ղազարյանի և իր կնոջ փաստաբանն արդեն բողոք է ներկայացրել համապատասխան դատական ատյաններ և ամեն ինչ հիմնավոր ասել է։ Ես իրավաբանների հետ խորհրդակցել եմ, և նրանցից շատերը ինձ շատ հստակ ասել են, որ այն հոդվածը, որով մեղադրվում է Վաչագան Ղազարյանը, կամ նրա ընտանիքի անդամները, չէին կարող կիրառվել Վաչագան Ղազարյանի նկատմամբ, որովհետև նա ապրիլի 9-ից հետո այլևս պետական պաշտոնյա չի համարվում, և այդ ցուցակից հանվել է։ Ես այստեղ ևս տեսնում եմ ընտրովի արդարադատություն և սուբյեկտիվ մոտեցումներ։

Ես ասել եմ, որ այսօրվա իշխանությունն ուներ երկու ճանապարհ՝ դառնալ կառավարություն կամ հեղկոմ։ Կառավարությունը հնի լավի վրա կառուցում է, վատը թողնելով անցյալում, իսկ հեղկոմը հինն ամբողջությամբ ջարդուփշուր է անում՝ անկախ այն բանից՝ լավ է, թե վատ ու սկսում է նոր պատմությունն իրենից։ Նիկոլ Փաշինյանն ինձ հիշեցնում է Ռոբեսպիերին, որը մինչև իրեն եղած ամեն ինչը ջնջեց, ընդհուպ մինչև որոշեցին Ֆրանսիայում ամիսների անունները փոխել և նոր հեղափոխական ամիսներ դնել։ Յակոբինները լավ չեն ավարտել, ես ուզում եմ, որ իմ երկրի նոր իշխանությունը չգնա ծայրահեղ ռադիկալիզմի և քաղաքական նիհիլիզմի ճանապարհով։

Ես ուզում եմ, որ նոր կառավարությունը սրբագրի այն սխալները, որ մենք ենք արել, և ընդունի այս 20-25 տարվա ձեռքբերումները, որոնք անշուշտ եղել են։ Դրանք եղել են և՛ Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում, և՛ Քոչարյանի կառավարման շրջանում, և՛ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում։ Ոչ թե հակադրել, ջնջել ու ասել՝ միայն ես եմ, այդպես չի լինում։

– Պարո՛ն Շարմազանով, Դուք խոսում եք սելեկտիվ արդարադատության մասին։ Ձեր կարծիքով՝ այդ գործընթացը մինչև ո՞ւր կհասնի։ Կարծում եք՝ նախկին իշխանության ներկայացուցիչների բոլոր մերձավորները, որոնք այս կամ այն կերպ ինչ-որ գործերում ներգրավված են, կպատժվե՞ն։

– Եթե մենք խոսում ենք իրական արդարադատության և օրենքի գերակայության մասին, դա չպետք է հասնի ո՛չ Խաչատուրովին, ո՛չ Քոչարյանին, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Եթե մենք խոսում ենք տարբեր ղեկավարների կամ ղեկավարի սուբյեկտիվ ընկալումների կամ կարծիքի հեգեմոնիայի մասին, ապա դա կարող է մինչև ձեզ էլ հասնել, որովհետև դուք հանդգնել եք ինձնից՝ որպես ՀՀԿ-ականից հարցազրույց վերցնել և իմ կարծիքը հրապարակել մամուլի էջերում։

– Այսինքն՝ Դուք դժգոհ եք այսօրվա դատական համակարգից, արդարադատությունից։ Բայց չէ՞ որ հենց ձեր իշխանության կողմից ընտրած դատախազն է։

– Խոսքը միայն դատախազի մասին չէ, բա Հատուկ քննչական ծառայությո՞ւնը, բա իշխանություննե՞րը։ Եթե դուք հավաստում եք, որ սա բացառապես իրավական գործընթաց է, ես դրան չեմ հավատում։ Այդ ինչպե՞ս է լինում, որ 2-3 ոչ հանրապետականներ միջնորդում են, որ «Սասնա ծռերի» անդամների կալանքը փոխվի, մարդիկ ազատության մեջ հայտնվեն, մարդիկ, որոնք ահաբեկչական գործողության մասնակից են եղել, նրանց ազատ են արձակում, իսկ որտեղ 40-ից ավելի ՀՀԿ-ականներ ստորագրում են երկրորդ նախագահի համար, հայտարարում են, որ այդ միջնորդությունը պետք է մերժվի։ Եթե որևէ մեկը կփորձի համոզել, որ սա գլխավոր դատախազի կամ ՀՔԾ պետի պայծառ ուղեղներում ծնված միտք է, կներեք, ես դրան չեմ հավատում։

– Դուք համոզված եք, որ վերևներից հրահանգ կա՞։

– Ես իմ կարծիքն ասացի ու միշտ եմ ասելու՝ անկախ նրանից՝ որևէ մեկի դուրը գալիս է, թե չի գալիս, անկախ նրանից՝ որքան են հայհոյում կամ չեն հայհոյում։ Ես միշտ իմ կարծիքն ասել եմ ու խոսում եմ իմ համոզմունքով։ Ես փաստեր չունեմ, բայց երբ փաստերն իրար կողքի եմ դնում, ունեմ համոզմունք, ունեմ կարծիք։ Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի հետ կապված մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։ Նաև գործ ունենք քաղաքական ու անձնական վենդետայի հետ։ Սա է իմ կարծիքը։ Հիմա Փաշինյանի դուրը կգա, դուրը չի գա՝ ինքն էլ կարծիքներն ունի, որոնք իմ դուրը չեն գալիս։ Մենք դեռ ապրում ենք բազմակարծություն ունեցող երկրում։ Դեռ բազմակարծության նշույլները կան։ Իսկ մնացածը թող լինի հրապարակային դատավարություն, ինչպես Դավիթ Շահնազարյանն էր ասում, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էլ է ընդգրկված այդ գործում, միգուցե նաև Ռուսաստանի, Եվրոպայի կամ ԱՄՆ-ի փորձագետները ներգրավվեն այդ գործում։

Մենք ամենաշահագրգիռ ուժն ենք, չեմ կարծում, թե մեզնից ավելի շատ շահագրգիռ ուժ կա, որը կուզի, որ Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքներն ամբողջությամբ պարզվեն։ Քոչարյանն իր կաբինետում նստած ի՞նչ գիտի, թե ո՛վ է խփել։ Իսկ եթե որևէ մեկն իմացել ու չի հայտնել՝ դա էլ է խնդիր։ Ես հիմա չեմ ուզում դատաիրավական գործընթացի մեջ մտնել, ես ընդամենը խոսում եմ քաղաքական հանգամանքի մասին։ Եթե Քոչարյանը կալանքից դուրս գար, ի՞նչ պետք է լիներ, կփախչե՞ր Հայաստանից։ Այդ ինչպե՛ս է լինում, որ ահաբեկչություն արած խմբի անդամները ավելի քիչ վտանգ են ներկայացնում, քան իմ երկրի երբեմնի սիմվոլ հանդիսացող նախագահը։ Բա այդքանից հետո ո՞նց չմտածեմ, որ սա քաղաքական պատվեր է։ Որքան ուզում է Ավինյանը հայտարարի, թե մենք չենք զանգում, զանգով արդարադատություն չկա։ Հիտլերն էլ էր ասում՝ իմ շարժումը քրիստոնեական է, հո ասելո՞վ չի։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ