27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչի է հասել Փաշինյանն իշխանության երեք ամսվա ընթացքում

Ուղիղ երեք ամիս առաջ բողոքի ցույցերի արդյունքում Հայաստանի իշխանությունները հանձնվեցին, և Հայաստանում հաղթեց «թավշյա» հեղափոխությունը, որը Ռուսաստանում երբեմն անվանում են «գունավոր», գրում է Взгляд-ը՝ ներկայացնելով, թե ինչի է կարողացել այս ընթացքում հասնել շարժման առաջնորդ և ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ սխալներ է թույլ տվել և ինչ եզրակացություններ կարելի է անել «հայկական ոճով մայդանից»:

ՌԴ-ում ծայրահեղ վատատեսների կանխատեսումները դեռ չեն արդարացել. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դուրս չի հանել ԵԱՏՄ-ից, «ձեռք չի տվել» ռուսական ռազմաբազային և չի թակել ՆԱՏՕ-ի դռները՝ չնայած առաջացրել է Ռուսաստանի արտգործնախարարի դժգոհությունը:

Հեղինակը նշում է, որ շատերի համար հեղափոխությունն անսպասելի էր, չնայած նրան, որ սոցհարցումները ցույց էին տալիս Սերժ Սարգսյանի կառավարության և իշխող Հանրապետական կուսակցության նկատմամբ վստահության չափազանց ցածր ցուցանիշ:

Երկիրն անհավասար կերպով բաժանված էր քաղաքական էլիտայի և դրա հետ կապված օլիգարխների և մնացյալ ամբողջ բնակչության միջև: Այնուամենայնիվ, քչերն էին հավատում իշխանափոխության հավանականությանը, իրավիճակն անհույս էր թվում, գրում է հոդվածագիրը:

Պատմական տեսանկյունից երեք ամիսն աննշան ժամկետ է, դրանից լուրջ եզրակացություններ անելը դժվար է: Ցանկացած քաղաքական գործչի անհրաժեշտ է թեկուզ մեկ տարի իր դիրքերն ամրապնդելու համար, առավել ևս որ Հայաստանը հեռացած էլիտաների խարդախության «շնորհիվ» վերածվել է խորհրդարանական հանրապետության, և Փաշինյանը յուրահատուկ իրավիճակում է՝ գլխավորում է կառավարությունը մի կուսակցությունից, որը խորհրդարանում բացարձակ փոքրամասնություն ունի:

Այնուամենայնիվ, արդեն այսօր կարելի է խոստովանել Նիկոլ Փաշինյանի ներդրումն իշխանափոխության և հեղափոխության հաջողության գործում՝ երկրում նոր կյանք ներշնչելով և փաստացիորեն բնակչությանը վարակելով լավատեսությամբ և հույսերով:

Հարցը, թե արդյոք նա կկարողանա կառավարել երկիրը և արդյոք նա կկարողանա սկզբունքային փոփոխություններ իրականացնել, շարունակում է ակտուալ մնալ, հին կոռումպացված համակարգը չի ցանկանում հեռանալ և պատրաստվում է պահել իր դիրքերը: Ակնհայտ է, որ նոր վարչապետի թիմում բավական չեն ուժեղ կադրերը և տարածաշրջանի հարցերով փորձագետները: Փաշինյանի որոշ նշանակումներ արդեն քննադատության են արժանացել, դա վերաբերում է նաև պրակտիկ քայլերին, որոնք կարելի է անվանել չափազանց կտրուկ և չմտածված, հատկապես այն քայլերը, որոնք դարձել են Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածության պատճառ:

Որոշ հարցերում, սակայն, Փաշինյանի կտրուկ քայլերը շատ տեղին են եղել: Նա անմիջապես սկսել է Հայաստանի նորագույն պատմության շրջանում ամենամասշտաբային արշավը կոռուպցիայի դեմ պայքարում: Լայնամասշտաբ փոփոխություններ են սկսվել ուժային գերատեսչությունների ղեկավարությունում, հարուցվել են տասնյակ քրեական գործեր, փոխվել է երկրի դատարանների, քննչական կոմիտեի, ոստիկանության, գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության ղեկավարությունը: Զուգահեռաբար երկրում հայտարարվել է համաներում, որը թույլ է տվել հայրենիք վերադառնալ շատերին, որոնք կապվում էին քաղաքական արտագաղթի հետ, նաև՝ առկա կոռուպցիոն կանոններով խաղալ չցանկացող գործարարներին: Կազմակերպվել են խուզարկություններ քրեական հեղինակությունների տներում, գրում է հեղինակը՝ նշելով նաև, նրա խոսքով, ամենազգայուն թեման, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետաքննության վերսկսումը:

Այս ամենը կարելի է ցանկության դեպքում անվանել «այլ մեթոդներով հեղափոխական պայքարի շարունակություն», իսկ որոշները դա անվանում են բռնաճնշումներ, բայց այդ ֆոնին երկրում տեղի են ունեցել մարդկանց համար տեսանելի փոփոխություններ: Օլիգարխների նկատմամբ ճնշում է գործադրվել, և նրանք փոխել են իրենց պահվածքը և հռետորաբանությունը, շատերին հնարավոր չէ անգամ ճանաչել: Բավական է համեմատել, թե ինչպես էին իշխանամետ գործարարները շփվում մամուլի հետ մինչև հեղափոխությունը և ինչպես են նրանք փորձում սիրալիր լինել մամուլի և որպես հետևանք՝ հանրային կարծիքի հետ այժմ: Իհարկե, մինչ կատարելություն դեռ շատ կա, բայց առաջընթացն ակներև է, անամոթությունն ու աներեսությունն ակնհայտորեն նվազել են, գրում է հոդվածագիրը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ