25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աղավնիների կանչով վերածնվող Աղավնավանքը կդառնա տուրիզմի լավագույն կենտրոններից մեկը Հայաստանում

Երևանից 130 կմ հեռավորության վրա է գտնվում Տավուշի մարզի Աղավնավանք գյուղը: Կանաչ անտառներով շրջապատված այս գյուղը այնքան էլ բազմամարդ չէ: Գյուղում ապրում է 150 ընտանիք, իսկ բնակչության թիվը մոտավորապես 450-ի է հասնում: Գյուղի բնակչները պատմում են՝ իրենց  հիմնական  զբաղմունքը հողագործությունը, բուսաբուծությունը և անասնապահությունն են. «Դե մի մասն էլ աշխատանքը խոպաններում ա փնտրում՝ դրա համար էլ գնալով գյուղի մարդիկ քչանում են»,-մտահոգ ասում են նրանք:

Օգոստոսի 4-ին Աղավնավանքում արտասովոր տոնական տրամադրություն էր տիրում: Գյուղի բնակչները իրենց հիմնական զբաղմունքը թողած՝ եկել էին մասնակցելու գյուղի վերածննդի 30  ամյակին նվիրված միջոցառման: Այդ օրը գյուղում ժպիտների և հրճվանքի պակաս չէիր նկատի, տարեցներից մինչև մանուկ մի մարդու նման ուրախանում էին՝ առօրյա խնդիրներն ու հոգսերը մոռացության մատնած:

 Միջոցառման մեկնարկին,  Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, իր ողջույնի խոսքը ուղղելով ներկաներին  ասաց, որ Աղավնավանքի, արդեն 30 ամյա  գոյությունը, միայն վկայում է մեր ազգի և մեր հայրենիքի հավիտենականության մասին. «Աղավնավանքի գոյությունը վկայում է, որ անկախ պայմաններից, հանգամանքներից, տեղանքից Աղավնավանքի բնակիչները այսօր կառչած են այս համայնքին՝ որպես արժանապատիվ, հաղթանակած ժողովրդի զավակներ և քաղաքացիներ»: Եպիսկոպոսը  հավելեց նաև, որ բոլոր խնդիրները, որոնք դրված են գյուղի առաջ ՝ լուծվելու ճանապարհին են արդեն:

Միջոցառման կազմակերպիչ անդամներից Ալեքս Ներսիսյանը՝ ով նաև Աղավնավանքի բնակիչ է, պնդում է, որ պետք չէ գնալ և դրսում փնտրել ապրելու միջոցներ, պետք է մնալ և շենացնել գյուղը: Ալեքսը գյուղի շենացման ճանապարհնել է գտել, ուզում է գյուղում իջևանատուն, հյուրընալության կենտրոն, ավանդական հյուրատուն կառուցել. «Գյուղն ունի շատ նպաստավոր պայմաններ տուրիզմի զարգացման համար»,-վստահ շեշտում է նա:

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ Աղավնավանք համայնքը ունի մեծ պոտենցիալ. «Ես որպես համայնքի ղեկավար ուզում եմ շեշտել, որ թե՛ գյուղատնտեսական և թե տուրիզմի ոլորտում եղած բոլոր նախաձեռնությունները մենք պատրաստ ենք իրականացնել»,-նշեց նա:

Միջոցառման ամբողջ ընթացքը ուղեկցվում էր երգով, պարով, իսկ տոնական ուրախ մթնոլորտը ապահովում էին «Ավետ բենդ»-ը իրենց հրաշալի երաժշտական կատարումներով և  Աղավնավանքի պարի խմբի պարուհիները:  Աղավնավանքի բնակիչները միայնակ չէին նշում իրենց գյուղի  30 ամյակը: Նրանց շնորհավորելու և  տոնին իրենց մասնակցությունը ունենալու էին եկել նաև Տավուշի մարզի այլ գյուղերի բնակիչները ևս, որոնք ներկայանում էին իրենց ձեռագործ աշխատանքներով, հայկական ավանդական կերակրատեսակներով, փայտե քանդակներով:

Աղավնավանքի տասնչորս ամյա բնակչուհի Աննայի ոգևորությանը չափ չկար: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ նախկինում երբեք նման միջոցառում  չի եղել իրենց գյուղում և այս ամենը շատ ոգևորող է: Նա  շեշտեց, որ ուրախ կլիներ ամեն տարի այսքան ոգևորությամբ նշել իրենց գյուղի ծնունդը:

Գյուղի հյուրընկալության և բնակիչների ջերմ վերաբերմունքի մասին էին վկայում անծանոթներին իրենց տուն տանող և գյուղական բարիքները հյուրասիրող գյուղացիները: Նրանք ջերմ հրճվանքով էին խոսում գյուղի երիտասարդ և նախաձեռնող սերունդի մասին:

 Աղավնավանքի 30 ամյակին նվիրված միջոցառումն ամփոփվեց տոնական շքեղ հրավառությամբ: Իսկ օգոստոսի 5-ին գյուղի բնակիչները  ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Աղավնավանքի Անապատ Սբ. Աստվածածին վանք:

Բնակիչները պատմում են, որ  Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է  12-րդ դարում ՝ իր օժանդակ կառույցներով։ Այն ծառայել է նաև որպես ճգնարան։ Եկեղեցին ունի նաև 2-րդ անվանումը՝ Ախնաբաթ կամ Հախնաբաթ։  Դրա հետ կապված գոյություն ունի ժողովրդական մի ավանդազրույց և չկա մի գյուղացի, որ չիմանա այդ պատմությունը, ըստ որի Նաբաթ անունով մի գեղեցկուհու անհույս սիրահարված հայ իշխաններից մեկը ի հիշատակ իր սիրո կառուցել է տալիս եկեղեցին, ինքնասպան լինում և վերջին պահին կանչում է «Ա՛խ Նաբաթ»։

Գյուղացիների խոսքով՝ բազմաթիվ տուրիստներ են գալիս՝ վանքը տեսնելու: Բնակիչները հավատում են և վստահ են՝ իրենց գյուղի մասին մի օր բոլորն են իմանալու, իսկ գյուղից հեռացած մարդիկ անպայման վերադառանլու են և բնակվեն իրենց հարազատ ծննդավայրում:

Related image

Լուսանկարները՝ Դավիթ Մակիչյանի

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ