24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուրեմն, հողերը դեռ չե՞ն հանձնել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուրեմն, մեր Ֆերդինանդին խփել են,– ասաց աղախինը պան Շվեյկին, որը մի քանի տարի առաջ, երբ բժշկական հանձնաժողովը նրան ապուշ էր համարել, թողել էր զինվորական ծառայությունը եւ այժմ զբաղվում էր շների անճոռնի խառնածիններ վաճառելով, որոնց համար ազնվածնական ցեղագրություններ էր հորինում։

Հենց այս պարբերությամբ է սկսվում համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը՝ չեխ գրող Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը: Եթե փորձենք տեղափոխել այս նախադասությունը մերօրյա հայաստանյան իրականություն, ապա կարող ենք սկսել այսպես.

Չեխ գրողն ուներ չափազանց սուր գրիչ, բայց արի ու տես, որ, այնուամենայնիվ, նրան գերազանցելու ձգտում ունեցողների պակաս մեզ մոտ չի զգացվում: Եթե մենք հետեւենք «հողեր հանձնելու» քարոզչության կամ հակաքարոզչության ժամանակագրությանը, ապա կարող ենք տեսնել, որ վերջին 20–25 տարում հողեր հանձնում էին Լեւոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իսկ վերջերս էլ հող հանձնողների շարքերը համալրեց Նիկոլ Փաշինյանը: Այստեղ, սակայն, մի շատ փոքր նրբություն կա` որեւէ մեկն այդպես էլ հողերը չհանձնեց:

Հասկանալի է, չէ՞, որ այս հանգամանքը այդքան էլ կարեւոր ու էական չէ, առավել կարեւոր է խոսել հողեր հանձնելու մասին, գոռալ, զայրանալ, դավաճաններ փնտրել, երբեմն` գտնել, պատիժներ սահմանել ու այս ամենը կոչերով, պաթոսով, կեղծ անհանգստությամբ, կեղծ մտահոգությամբ, իսկ որ ոչ մեկն այդպես էլ հող չի հանձնում, դա արդեն երկրորդական է: Այս իրավիճակն, անշուշտ, զավեշտալի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր: 

Վերջին 20–25 տարում Հայաստանի բոլոր իշխանությունների ու ղեկավարների դեմ հակաքարոզչության առանցքներից մեկը եղել է «հողեր հանձնելը»: Նույնիսկ կարեւոր էլ չէ, թե ինչ հողեր, ինչպես հանձնել, ինչի դիմաց հանձնել, ում հանձնել, կարեւորը միայն գնահատականն է` հողեր հանձնող:

Սա չափազանց տխուր պատկեր է, որը վկայում է միայն այն մասին, թե ինչքան սնանկ է եղել մեր հասարակական–քաղաքական դաշտը, ինչքան պարապ ու ինչքան ամուլ, որովհետեւ 20–25 տարում այդպես էլ, նույնիսկ քննադատության համար, գաղափարական առանցքներ չձեւավորվեցին, եւ բոլորի հույսը մնաց բազմիցս չարչրկված ու ծեծված հողեր հանձնելու քննախոսությունը կամ, գուցե ավելի ճիշտ կլինի ասել, զազրախոսությունը:

Իսկ քանի որ որեւէ մեկը չի պատրաստվում հող հանձնել, որովհետեւ չի էլ կարող հանձնել, ապա արդյունքում ստացվում է այնպես, որ գոյություն չունեցող խնդրի շուրջ առաջանում է շատ տեսանելի աղմուկ–աղաղակ, հիստերիա, մեղադրանքների շարան, վհուկների որս, որը կարճ ժամանակ անց կրկին հանդարտվում է, քանի որ ոչ մի բանի մասին էր: 

Վերջապես «հողեր հանձնելու» իռացիոնալ մեղադրանքը փակում է կառուցողական քննադատության բոլոր ճանապարհները, քանի որ եթե առկա իշխանությունը «հող հանձնող» է, ապա նա պետք է հեռանա եւ վերջ, այլ տարբերակ կարծես թե բացառվում է, իսկ սա նշանակում է, որ հողեր հանձնելու չափումներից դուրս մնացած ամեն ինչն անէական է: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ գործ ունենք ոչ թե քննադատության, այլ սովորական մառազմի հետ, որովհետեւ, նորից ենք կրկնում, որեւէ մեկն այսօր չի կարող որեւէ հող հանձնել: Եզրափակելով` ընդամենը պետք է նշել` հերիք է, այլ բան մտածեք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ