Ինչո՞ւ է թանկացել գյուղմթերքը. Փաստ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել:
«Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել: Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5–6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման գործընթացը նահանջել է»,– ասաց կազմակերպության ղեկավարը:
Հ. Բերբերյանը չի կարողանում հասկանալ, թե շուկայական տնտեսության պայմաններում գյուղատնտեսության նախարարությունն ընդհանրապես ինչ գործ ունի արտահանումների հետ, քանի որ դրանով պետք է զբաղվեն մասնավոր ընկերությունները:
«Մեկ այլ նախարար էլ գնում, կարտոֆիլի ցանքատարածությունների ֆոնին նկարվում էր, որ ցույց տա, թե իբր գործ է անում: Հերիք չի գործից չեն հասկանում, մի բան էլ բերում նշանակում են նախարար: Ֆիզիկոսն ի՞նչ կապ ունի գյուղատնտեսության հետ, ես չեմ հասկանում: Արդեն մի քանի տարի է ասում եմ, որ բարեփոխումների պետք է գնանք, բայց նախարարությունն այդպես էլ որեւէ ծրագիր չի իրականացնում: Դրանք պետք է շեշտակի լինեն, որպեսզի հաջորդ տարի ցանքատարածություններն ավելանան: Գիտելիք է հարկավոր ունենալ, եւ եթե նախարարը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ի՞նչ գիտելիք պետք է ունենա գյուղատնտեսության մասին»,– ասաց Հ. Բերբերյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ դաշտում աճած լոլիկի գինը մի քանի անգամ էժան է լինում, քան ջերմոցում աճածինը: Խոսելով գործարանների հայտարարած 30–40 դրամով լոլիկի ներմուծման գնի մասին, նա նշեց, որ նման հայտարարությունները ստվերային տնտեսությունների համար են արվում:
«Որպեսզի կարողանան նախարարության միջոցով գյուղատնտեսական 5%–անոց վարկերին ձեռ գցել, հետո էլ գնան Իրանից տոմատի մածուկ ներմուծեն, տեղում փաթեթավորեն, անունն էլ դնեն, թե այստեղ են արտադրում: Նախարարության այդ արածները վաղուց գիտենք: Նրանց գործելաոճում ընդհանրապես ոչինչ չի փոխվել, որովհետեւ նույն կուսակցությունն ամեն անգամ ձեռքը գցում է այդ նախարարությանը եւ ոլորտը խորտակում: Ընդհանրապես, մեզ մոտ պաշտոնի պայքարը միայն մի նպատակ ունի՝ որ իրենց անձնական հարցերը լուծեն: Եվ եթե այսօրվա իշխանությունները թքած ունեն գյուղացու խնդիրների վրա, ապա գյուղացին էլ ստիպված անում է այն, ինչ կարողանում է: Բայց գյուղնախարարությունն առաջվա նման զբաղված է նկարչությամբ: Եվ եթե պետք է դրանով զբաղվեն, թող զբաղվեն, ի՞նչ ասեմ »,– ասաց Հ. Բերբերյանը:
Մսամթերքի շուկայում տեղի ունեցող թանկացումը նա նույնպես կապում է գյուղնախարարության անբավարար աշխատանքի հետ, քանի որ դեռ «մեքենան» չսարքած՝ արդեն մեքենայի մրցույթ են հայտարարում:
«Այն մարզերում, որտեղ մենք շատ գլխաքանակ ունենք, այդ վայրերում գրեթե սպանդանոցներ չկան: Իսկ որտեղ անասնապահությունն առանձնապես զարգացած չէ, ավելի շատ սպանդանոցներ են կառուցվել: Դրանք ավելի շատ դարձել են գյուղնախարարության փող գռփելու կենտրոնները: Այսինքն, գյուղացուն թալանելու նոր կենտրոններ են ստեղծել: Սպանդանոցային մորթի անցնելը ճիշտ լուծում էր, բայց այդ օրենքը պետք է գործեր այն ժամանակ, երբ դրանք բավարար քանակությամբ լինեին: Ոչ թե գյուղացին պետք է գնա սպանդանոցի դռներն ընկնի, այլ հակառակը: Բայց այսօր սպանդանոցները վերածվել են թուղթ դակողների եւ տեղեկություններ կան, որ գյուղացին իր տանը մորթում է կենդանուն, գալիս է սպանդանոցից թուղթ է վերցնում: Դրա համար էլ մսի գինը թանկացել է: Այսինքն, սպանդանոցներն այսօր դարձել են թուղթ վաճառողներ»,– ասաց Հ. Բերբերյանը:
Բոլորը գիտեն, որ Հայաստանում անասնակերի խնդիր կա, որը պետական նշանակության հարց է, շեշտեց մասնագետը: Նախարարությունը փոխանակ անասնակեր հայթայթելու խնդրով զբաղվի, ձեռքերը լվացել է ու այդ ուղղությամբ գործ չի անում: Արդյունքում՝ պաշտոնական թվերի համաձայն, ունենում ենք հետեւյալ պատկերը, որ ընդհանուր անասնագլխաքանակից 70 հազարը պակասել է, որից 30 հազարը կթու կովեր են եղել:
«Բնականաբար, պետք է կաթնամթերքն էլ թանկանա: Այսինքն, այդպես էլ հասկանալի չի դառնում, թե ոլորտի պատասխանատուներն ինչով են զբաղվում: Հիմա էլ նոր գրություն ենք ստացել, որ արտասահմանից մասնագետներ են գալու, որ մեր մասնագետներին օգնեն: Ես հավաստիացնում եմ ձեզ, մենք այնքան լավ մասնագետներ ունենք, որ ուրիշները մեզ պետք չեն: Նույնիսկ հոլանդացիներն են զարմանում, թե ինչպես են մեր մասնագետներն իրենց չափ կարտոֆիլի բերք ստանում: Այսինքն, ստացվում է հին ճանապարհներով են նորից սկում գնա՞լ: Ես ձեր միջոցով դիմում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին, որ գյուղատնտեսությանը մեծ ուշադրություն դարձնի, վերցնի իր վերահսկողության տակ, ձեւավորի վարչապետին կից մասնագիտական հանձնաժողով, որը կկարգավորի այս բնագավառը: Հակառակ դեպքում մենք կկորցնենք ամեն ինչ»,– ասաց Հ.Բերբերյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում