Նոր օրենքով ո՞վ է որոշելու տրանսպորտի գինը
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ողջունում է ՛՛Ավտոմոբիլային տրանսպորտի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ նիստում, երբ հարց էր ուղղում նախագիծը ներկայացնող, Կառավարության օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանին:
՛՛Հասկանալով հանդերձ ու դրական գնահատելով Երևանում միսանական օպերատորի գործունեության ինստիտուտը, այնուամենայնիվ կա՞ ինչ-որ հայեցկարգ, այս օպերտորն ի՞նչ սկզբունքներով է աշխատելու, վարձակալության կամ կառավարման իրավասություններո՞վ՛՛,-հարցրեց նա:
Եղիազարյանը պատասխանեց, որ այսօր գործող օպերատոր կա, բայց օրենսդրական փաթեթի ընդունումից հետո հստակ կֆիքսվի, թե ինչ տրանսպորտով է ինքը աշխատում, կկարգավորվի սեփականության իրավունքը տրանսպորտի նկատմամբ:
Մինասյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպիսին է լինելու գինը: ՛՛Մեր օրենսդրության մեջ գինը համարվում է էական պայման, դա չի կարող կամայականորեն փոփոխվել՝ անկախ նրանից ում իրավասությանն է այն վերապահվում: Չէ որ այս էական պայմանի փոփոխությունը կարող է փոխել շուկայում ստեղծված իրավիճակը: Արդյոք ճիշտ չեք գտնում, որ պետք է ձևակերպվի, որ մրցույթում հաղթող կազմակերպությունը պարտավորված է մինչև ժամկետի ավարտը փոխադրավարձը սահմանված գնով իրականցնել՛՛,-հարցրեց նա: Մինասյանը նաև հարցրեց, թե ինչու գինը չի սահմանելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: ՛՛Կամ եթե գինը սահմանվի օրինակ՝ հինգ հարյուր դրամ, արդյոք քաղաքացիները կկարողանան սահմանդրական իրենց իրավունքն իրականացնել՛՛:
Եղիազարյանը այս հարցապնդումներին պատասխանեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա քաղաքականության խնդիր է: ՛՛Եկամտաբերություն ապահովելը կարող է լինել այդ խնդիրը, սոցիալական հարցը, դա քաղաքի իրավասությունն է, ինչ քաղաքականություն է վարում քաղաքը, ինչ ռեսուրսներ ունի՛՛: Եղիազարյանն ասաց, որ քանի որ քաղաքային մարմիններն ընտրվում են, հետևաբար կձգտեն գները մատչելի ներկայացնել:
Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունների հանձնաժողովին, ապա զեկուցը շեշտեց, որ տրանսպորտի իրավունքները մունիցիպալ բնույթ են կրում, իսկ այդ հանձնաժողովը չի կարգավորում մունիցիպալ արժեքների համակարգը:
Միանսյանն արձագանքեց, որ Երևան ջուրը սպասարկում է Երևանում, սակագինը որոշվում է հանձնաժողովի կողմից, և պետք է հարգվի հանրային շահը:
Եղիազարյանն էլ ասաց, որ օպերատորը հենց հասարակական շահը հաշվի առնելու համար է: