Մի շարք ԲԿ-ներում ստուգումներ կանցկացվեն. Որո՞նք են դրանք
Նոր կառավարության գործունեության արդյունքում, ի թիվս տարբեր ոլորտներում հայտնաբերված յուրացումների, չեն դադարում տեղեկություններ հրապարակվել առողջապահական այս կամ այն խոշոր հաստատությունում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցի իր էջի միջոցով երեկ անդրադարձել էր Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին, որտեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած խախտումները ներկայացվել են իրավապահներին:
««Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ եւ խախտումներ, մասնավորապես` Հասարակական կազմակերպության հետ կնքվել է 67 մլն դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր, որով ՀԿ-ն մատուցել է 2 տեսակի ծառայություն: Սկսած 2017 թ. մայիս ամսից՝ նույն ծառայությունները մատուցվում են անհամեմատ ավելի ցածր գներով. առաջին տեսակի ծառայությունը` 4 անգամ, իսկ երկրորդ տեսակի ծառայությունը` 7 անգամ պակաս արժեքով»,- գրել է նախարար Արսեն Թորոսյանը եւ հավելել. «Այդպիսի բարձր գներով ծառայություններ մատուցած կազմակերպությունը, ըստ նախնական տեղեկատվության, կապ է ունեցել ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ (ՀԿ-ի գրանցման հասցեն, ըստ նախնական տեղեկությունների, համընկնում է նախկին տնօրենի տեղակալի գրանցման հասցեի հետ)»:
Առողջապահական գերատեսչության ղեկավարը նաեւ հայտնել է, որ բացահայտվել են մի շարք աշխատակիցներ, որոնք գրանցված են եղել ՊՈԱԿ-ում, սակայն փաստացի չեն աշխատել այնտեղ: «Վերոհիշյալ աշխատակիցներին վճարվել է շուրջ 30 մլն դրամ աշխատավարձ: Նյութերն ուղարկվել են ոստիկանություն՝ հետագա ընթացք տալու համար։ Առողջապահության նախարարությունը նմանատիպ ուսումնասիրություններ է կատարելու իր ենթակա բոլոր կազմակերպություններում»,-արձանագրել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս բուժհիմնարկում ֆինանսական միջոցների տնտեսման արդյունքում բարձրացվել էր բժիշկների աշխատավարձը։
Արսեն Թորոսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա 25-30 տոկոսով։ «Ու սա ընդամենը մեկ ամսվա բարեխիղճ կառավարման, ռեսուրսների օպտիմալացման եւ վատնումների բացառման արդյունքում»,- նշել էր նա:
Առողջապահության նախարարի երեկվա գրառումը մի շարք հարցեր է առաջ բերում, մասնավորապես՝ ո՞ր հասարակական կազմակերպության մասին է խոսքը եւ որ տեղակալի հետ է դա կապվում: 67 միլիոն դրամի ծառայությունների մատուցման պայմանագիրը երբվանից է կնքվել նշված կազմակերպության հետ, արդյոք դրանք ամենամյա պահանջարկ ունեցող ծառայություննե՞ր են, թե՞ մեկանգամյա, ու նաեւ՝ հատկապես ինչ ծառայություններ են գնվել չորս կամ յոթ անգամ թանկ արժեքով եւ ինչ գների մասին է խոսքը:
«Ծառայությունները եղել են բազմակի: Գները, թվերը ներկայացված են իրավապահներին: Դրանք կհրապարակվեն ամփոփելուց հետո: Նաեւ մարդկանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ դեռ անուններ չեն տրվում»,- մեր հարցմանը պատասխանեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:
««Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Հայրապետյանն, ի դեպ, զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է գրել այստեղ հայտնաբերված չարաշահումների պատճառով: Հայտարարվել էր նաեւ թափուր պաշտոնի մրցույթ: Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 25-ն է: Մրցույթը նախատեսված է օգոստոսի 28-ին: Նախարարությունից հրաժարվեցին հայտնել, թե երեկվա դրությամբ ովքեր են դիմել ««Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Լիանա Եղիազարյանը պատասխանեց, որ անունները նախապես հրապարակելու իրավասություն չկա: «Նույնիսկ մասնակիցները չգիտեն՝ իրենցից բացի ով է դիմել»,- նշեց նա:
Առողջապահության նախարարը, կառավարության վերջին նիստի օրը լրագրողների հետ զրույցում, խոսելով այլ բուժհաստատություններում սպասվող ուսումնասիրությունների մասին, ասել էր, որ առաջիկայում ստուգումներ են իրականացվելու բոլոր խոշոր բուժհիմնարկներում: Նշել էր, որ կա ժամանակացույց, թե որտեղ երբ են գնալու եւ որ ստորագրել է օպերատիվ ստուգումների ցանկը: Արսեն Թորոսյանը մանրամասնել էր, որ ստուգումներ են սպասվում, օրինակ, «Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա» բժշկական կենտրոններում: Երեկ նախարարությունից չհստակեցրին հայտարարված «այցելությունների» ժամանակացույցը: Միայն փոխանցեցին. «Պետական առողջապահական գործակալությունը (ՊԱԳ) մինչեւ տարեվերջ ուսումնասիրություններ կանցկացնի նշված եւ ոչ միայն նշված բուժհաստատություններում»: