Նոր վտանգավոր սադրանք. ռուս զինվորները ներխուժել են հայկական գյուղ և սկսել կրակել (տեսանյութ)
Երեկ Գյումրիի ռուսական բազայի զինվորական շարասյունը ներխուժել է Փանիկ գյուղ, ռուս զինվորականները սկսել են կրակել, պայթեցնել պայթուցիկներ: Գյուղի բնակիչները շրջափակել են շարասյունը եւ վրդովված հարցեր տվել հրամանատարին: Գյուղացիների հարցերին շարասյան հրամանատարն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չի տվել: Իսկ մարդիկ հարցնում էին՝ արդյոք ռուսները «կայֆի տակ» էին, կամ հարբած, մոլորվե՞լ են, ինչո՞ւ չեն կրակել պոլիգոնում, այլ գյուղում: Նրանք հրամա՞ն են կատարել, թե ինքնագլուխ են արել:
Հրամանատարը նաեւ չի ներկայացել: Նա ասել է, թե դա վարժանք է, սակայն անհասկանալի է, թե ինչու գյուղի տարածքում: Իսկ եթե այս միջադեպը վերածվեր բախմա՞ն:
Դա՞ է ռուսների նպատակը, ինչո՞ւ են նրանց զինվորները ներխուժում գյուղ ու այնտեղ անցկացնում իրենց «վարժանքը»: Փորձարկվում է հայկական բնակավայրերի վրա հարձակումների պլա՞ն: Թե՞ Պերմյակովով հայերին սարսափացնելու անհաջող փորձից հետո որոշել են արդեն անցնել նոր սխեմայի:
Այսպես թե այնպես, տեղի է ունեցել հերթական սադրանքը: Ռուսական բազայում խնդիրներն այդպես էլ չեն կարգավորվում, եւ երեւում է նման խնդիր դրված էլ չէ: Ավելին, կարծես թե դրված է այլ խնդիր՝ պարբերաբար դիմել սադրանքների, հայերին ինչ որ բան «հիշեցնելու» համար:
Բազայի խնդիրը պետք է դրվի շատ հստակ՝ այն կամ կատարում է իր խնդիրները, կամ դուրս է բերվում Հայաստանից: Դա աշխարհի միակ բազան է, որի համար վճարում է «հյուրընկալող» երկիրը: Բազայի շուրջ ստեղծված իրավիճակի համար միարժեք պատասխանատու է Ռուսաստանը: