Փլուզում Երևանում. կա զոհ
Արշակունյաց պողոտայի 23 շենքի փլուզումից տուժել է 3 հոգի, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ հիվանդանոց տեղափոխված մյուս անձը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի գանգուղեղային ծանր վնասվածք, շնչում է ինքնուրույն, բայց բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում: 3-րդ տուժածը, ով քերծվածքներ է ստացել, դուրս է գրվել հիվանդանոցից։
Փլուզված շենքը բնակելի չէ, այս հասցեում գտնվում է արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունը: Ականատեսներից Գևորգ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շենքում որոշակի վերանորոգման աշխատանքներ են սկսվել մոտ 1 շաբաթ առաջ:
Շենքից կապված է եղել անվտանգության ժապավեն, սակայն փլուզումն ավելի մեծ տարածություն էր վերցրել, քան ժապավենը:
Նախնական տեղեկություններով՝ քանդվել է շենքի ճակատային հատվածի քիվը:
Տուժածները, ըստ ականատեսների, երեքն են, ականատեսների վկայությամբ՝ նրանցից մեկը գլխի վնասվածք ունի: Ականատեսները չգիտեն՝ տուժածները պատահական անցորդնե՞ր են, թե վերանորոգման աշխատանքներին մասնակցող անձինք, որովհետև շենքի ներսում եղել են շինարարական աշխատանքներ կատարողներ:
Տեղում աշխատում են քննիչները, փորձագիտության ազգային բյուրոյի անդամներ, սակայն որևէ մանրամասներ նրանք չեն տրամադրում, ասում են՝ ընթանում է քննություն:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդած տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետևանքով կան տուժածներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Գ. Մ.-ն (1965թ.), Ա. Կ.-ն (1971թ.) և Մ. Հ.-ն (1990թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի և Ա. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Հ.-ինը` բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը (2 հատ) և թուլացած օդորակիչը: