Արարատը համաձայն չէ Դանիելի հետ

«Ես այդ հանձնաժողովին շատ մասնագիտական չէի անվանի: Ամեն դեպքում պաշտոնական անվանման մեջ մասնագիտական բառը չկա եւ նաեւ աշխատակարգի մեջ էլ չկա այդպիսի սահմանափակում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը`անդրադառնալով դիտարկմանը, ԸՕ փոփոխությունների խորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստին կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի արտահայտած այն մտքին, թե իրենց հանձնաժողովը մասնագիտական է, քաղաքական չէ:
«Խոսքը շատ կարեւոր քաղաքական խնդրի մասին է եւ այդտեղ մասնակցող մարդիկ նաեւ քաղաքական ուժի ներկայացուցիչ են եւ կառավարությունն ինքը քաղաքական մարմին է եւ քաղաքական ուժերից է բաղկացած, չի կարելի է ասել՝ մասնագիտական եւ քաղաքական: Այդպիսի սահմանազատումը տեղին չէ»,շարունակեց Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ ԸՕ փոփոխությունների հարցով ԱԺ հանձնաժողովի նախորդ նիստին վարչապետին առընթեր հանձնաժողովի քարտուղար Դաբիել Իոաննիսյանը հայտարարել էր, թե իրենց հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է եւ ինքը չի պատկերացնում քաղաքական հանձնաժողովի/նկատի ունի ԱԺ հանձնաժողովը,-խմբ./ և մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը համատեղելու հնարավորությունը:
«Մենք այստեղ չենք գալու «բազար անելու», ուզում ենք լսենք առաջարկություններ, և դրանք քննարկել մասնագիտական ֆորմատով»,-հայտարարել էր նա: ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանի հարցին, թե այդ դեպքում ո՞վ է շարադրել այդ մասնագիտական հանձնաժողովի քաղաքական պատվերը, Իոաննիսյանը պատասխանել էր, թե իրենք իրավաբանական վարչություն չեն, որպեսզի պատվերով աշխատեն։