Հարությունովն ասել է՝ եղել է դեղերի ազդեցության տակ. Տոնոյանը՝ Օլիմպավանի սկանդալի մասին
«Այս պահին հիմք ունենք կոնկրետ Սլավիկ Հարությունյանի խոսքն այն մասին, որ ծեծկռտուք չի եղել, ինքը սայթաքել և ընկել է, ստացել այդ վնասվածքները: Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Օլիմպավանի միջադեպին:
Հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ Հարությունյանը փոխեց իր խոսքը, սկզբում ասում էր, որ ծեծել են, հիմա՝ սայթաքել, ընկել է, Տոնոյանը պատասխանեց, որ այս ամենի մասին կարող է ասել այնքանով, որքանով հետևել է մամուլին, և Հարությունյանն ասել է, որ եղել է «դեղերի ազդեցության տակ», եղել է որոշակի վիրավորվածություն, որովհետև բազմաթիվ անգամ փորձել է կապվել Ծառուկյանի հետ, բայց չի ստացվել և լարվածություն է առաջացել իր մոտ, իսկ նիստի ժամանակ դիմել է Գագիկ Ծառուկյանին, հետո առանձնազրույցի խնդրանքով էր դիմել, դա հետաձգվել էր, բարկացել է, աթոռն է շուռ տվել և վնասվածք է ստացել, իսկ առաջին հայտարարությունը դեղերի և աֆեկտի պատճառով է:
Հարցին՝ տուժողի նկատմամբ ճնշումներ կամ կաշառելու փորձ չի արվել, Ի. Տոնոյանը պատասխանեց. «Դուք բազմաթիվ հնարավորություն կունենանք զրուցելու նրա և նրա տիկնոջ հետ: Սա իրականության հետ բացարձակ առնչություն չունի»:
Անդրադառնալով ոստիկանապետ Օսիպյանի հայտարարությանը, որ ընկնելուց հնարավոր չէր նման վնասվածքներ ստանալ, պատգամավորը ասաց. «Թե ինչո՞ւ է ոստիկանության պետը նման հայտարարությամբ հանդես եկել, երբ դատարանում դեռ քննվում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու վերաբերյալ հարցը, թողնում են հանրության դատին»:
Նա նշեց, որ Բաբայանին կալանավորելու հարցով փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան, հարցը վիճարկման փուլում է: