Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հարցաքննության մասնակցել Մարտի 1-ի գործով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունից որպես վկա հարցաքննվելու կապակցությամբ ծանուցում է ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Վերջինս ասաց, որ իրենք պատասխանել են հարցաքննության կանչվելու ծանուցմանը՝ նշելով հետևյալը. «Ծանուցագրով հարցաքննության օր է ստացվել այն նույն օրը, երբ ծանուցագիրը ստացվել է՝ 2018թ.-ի հուլիսի 6, 15:30: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Եթե մինչև հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել գրավոր հարցերին կամ կապի այլ միջոցների տեսակներով»:
Վիկտոր Սողոմոնյանն ասաց, իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար:
Նա ասաց, որ իրենց համար որևէ խնդիր չկա, Ռոբերտ Քոչարյանը հարցաքննությանը չմասնակցելու խնդիր չունի: