Որքա՞ն կպահպանվի Հանրապետությունում բարձր ջերմաստիճանը. ԱԻՆ-ը խորհրդակցում է
Հուլիսի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների, ձեռարկված արձագանքման միջոցառումների, կազմակերպված ուսումնավարժությունների, ծառայողական քննությունների ընթացքի, ջերմային բարձր ռեժիմում հրդեհային կանխարգելիչ միջոցառումների և այլ գերատեսչություններին քաղպաշտպանության հարցերով ցուցաբերված մեթոդական օգնության մասին:
Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա շաբաթվա եղանակի կանխատեսումը և նշեց, որ մինչ հուլիսի 13-ը հանրապետության տարածքում բարձր ջերմաստիճանը կպահպանվի՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա.Մկրտչյանը խորհրդակցությանը զեկուցեց, որ անցած շաբաթվա ընթացքում տեսչությունն ավարտել է ստուգումները ՀՀ տարածքում գործող բժշկական կենտրոններում և մանկական ճամբարներում, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների խստիվ պահպանմանն ուղղված բացատրական աշխատանքներ իրականացրել հանրապետության հանգստյան գոտիներում:
ՀՀ ԱԻ նախարար Հ.Ռոստոմյանը հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի աղբի հետ կապված մեծաթիվ հրդեհների առաջացման պատճառները և աղբահանության համար պատասխանատու կազմակերպության հետ համատեղ ներկայացնել առաջարկներ դրանց կանխարգելման ուղղությամբ:
Անդրադառնալով գազի ներտնային սպասարկման խնդրին՝ Հ.Ռոստոմյանը նշեց, որ նախարարությունը պարտավոր է ամեն ինչ անել մեր համաքաղաքացիների հոգսը թեթևացնելու և անվտանգությունն ապահովելու համար:
Խնդրի առնչությամբ ՀՀ ԱԻ փոխնախարար Ա. Նազարյանը հայտնեց, որ առաջարկությունների փաթեթն արդեն պատրաստ է՝ կառավարություն ներկայացնելու համար, ինչպես նաև արված է ամեն հնարավորը գազի ներտնային սպասարկման վարձը նվազեցնելու համար:
Խորհրդակցությանը նախարար Ռոստոմյանը հանձնարարեց նաև արագացնել հանրապետության դպրոցների սեյսմիկ վիճակի գնահատումը, որպեսզի մինչև ուսումնական տարվա սկիզբը հնարավոր լինի պատրաստել առաջարկներ՝ դրանց սեյսմակայունության վերաբերյալ առանց ընդհատելու ուսումնական գործընթացները: