Մի քանի ընտանիքի բարեկեցությունը չի կարող ապահովվել մի ողջ ժողովրդի «համազգային ղումարի» մեջ քաշել
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելելու մասին իր նախորդ գրառմանը և հորդորել դադարեցնել իր նախաձեռնության դեմ կազմակերպված արշավը:
«Նախորդ իմ գրառումը՝ օրենքով բուքմեյքերական գրասենյակների գործունեության արգելման մասին, շա՜տ լայն տարածում ու արձագանք է գտել մեր երկրում։ Ողջունելի է ինչպես գաղափարին կողմ արտահայտվող 98 տոկոս, այնպես էլ՝ դեմ արտահայտվող 2 տոկոս փաստարկները։
ԲԱՅՑ։ Հայաստանյան բուքմեյքերական ընկերությունների ղեկավարներին, սեփականատերերին հորդորում եմ՝ դադարեցնել իմ նախաձեռնության դեմ կազմակերպված արշավը, անձնական հարձակումները։ Դա ինձ շեղել չի կարող։ Իսկ հնչող սպառնալիքներին արձագանքելու եմ դրանք հավաքելով ու իրավապահ մարմիններին փոխանցելով։ Իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այս հանգամանքի վրա։ Ես պատգամավոր եմ ու ունեմ իրավունք՝ հանդես գալու նման նախաձեռնությամբ։ Ու այն անցնելու է։
Հ. Գ. Մի քանի ընտանիքի բարեկեցությունը չի կարող ապահովվել մի ողջ ժողովրդի «համազգային ղումարի» մեջ քաշելու և հազարավոր ընտանիքների դժբախտության ու խեղված ճակատագրերի հաշվին»,-գրել է Ֆարմանյանը։