Չորս բան, որ հաճելի է Աստծուն
Ո՜վ Գթած Հայր, ձեռքովդ ստեղծվածներիս սիրո՛վ նայիր և հրեշտակների բանակները պահապան կարգիր մեզ` տկարներիս վրա:
Փրկի՛ր մեզ փորձանքներից, խավարի մեջ շրջող դևերից, որպեսզի օր ու գիշեր անդադար փառք տանք Քեզ:
Դու` անեղ և անսկիզբ, էության անպատմելի ծնունդ, Որդի և Բան, որ ցերեկը ստեղծեցիր գործի համար, և գիշերը քնելու, հանգստանալու համար, երբ մարմնի աչքերով ննջենք, արթուն մնանք հոգիով, որպեսզի օր ու գիշեր անդադար փառք տանք Քեզ:
(Այս շարականը ծանոթ է ձեզ խաղաղական ժամերգությունից` Նայեաց սիրով)
Այսօր երեկոյան մեր դասը թող լինի սուրբ Հայրերի չորս պատգամները, որոնց պահելու դեպքում հաճելի կլինենք Աստծուն և մեր կյանքը խաղաղ կլինի:
1. Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առջև:
2. Ինչ որ գործես, Սո՛ւրբ Գրքի վկայությամբ ձեռնարկիր:
3. Երբ տկարանաս ու փորձությունները վրա գան, գոհությա՛մբ ընդունիր:
4. Գործդ սրբությամբ կատարիր Տիրո՛ջ առջև, ոչ թե մարդահաճությամբ:
Շնորհակա՜լ ենք Աստծուն սրտի կատարյալ մաքրությամբ և զղջումով, նաև այսօրվա հնարավորության համար:
Ծովիկ Դավթյան