25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ասեց՝ եկեք սրան սատկացնենք, ինքը մարդ չի, մարդու ծնունդ չի. «Սասնա ծռերի» գործով ոստիկան է հարցաքննվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սասնա ծռերի 10 անդամների գործով ցուցմունք է տվել ՊՊԾ գնդի ոստիկան Խաչատուր Մուրադյանը, որն գունդը գրավելու ժամանակ հերթապահություն էր իրականացրել։

«2016 թվականի հուլիսի 16-ին իմ օգնական Մկրտչյան Գագիկի հետ ընդունել ենք  հերթապահությունը եւ անցել մեր ծառայողական պարտականություններին։ 2016 թվականի հուլիսի 17-ին ժամը 3։00-ի սահմաններում Մկրտչյան Գագիկին թողնելով հերթապահ մասում՝ գնացել եմ հերթապահ մասին կից սենյակում հանգստանալու։ Ժամը 05։00–ի սահմաններում քնից արթնացել եմ բարձր ձայնից։ Անմիջապես վազել եմ հերթապահ մաս,  աչքս գցել եմ տեսանկարահանող մոնիտորին, նկատել եմ, որ դարպասը ընկած է գետնին, պարսպի կեսը քանդված է, գնդի տարածք է ներխուժել «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենա, դրա սկզբնային մասը գտնվում է գնդի ներսում, նույն վայրկյանին ներքին հեռախոսով զանգել եմ ՀԱԿ, պատասխանող չի եղել, անմիջապես հեռախոսը գցել եմ սեղանին, Մկրտչյան Գագիկին թողնելով հերթապահ մասում, հերթապահ մասից դուրս եմ եկել, վազել եմ ներքեւ»,–հայտնեց ոստիկանը։

Նրա խոսքով, այդ ժամանակ նկատել է, թե ինչպես են քանդված պարսպի ու «ԿռԱԶ» մեքենայի արանքից զինված մարդիկ ներխուժում գնդի տարածք. «Մի քանի վայրկյան կանգնելով՝ նկատեցի, որ մոտավորապես կլինեն 20-25 հոգի։ Անմիջապես հետ եմ թեքվել եւ փորձել եմ հասնել հերթապահ մաս։ Իմ վազելու ընթացքում մեկը հետեւից ձայն տվեց՝ կանգնի, թե չէ կկրակեմ։ Բայց ես վազում էի։ Այդ պահին տեղի ունեցավ հրազենային կրակահերթ»։

Ոստիկանը, իր խոսքով, լսելով կրակահերթը թաքնվել է գնդի տարածքում գտնվող արձանի հետեւում. «Մենք այնտեղ ունենք արձան, ես ինձ գցել եմ այդ արձանի հետեւը։ Ինձ մոտեցան երկու հոգի, որոնցից մեկին ճանաչում էի՝ Սեդրակ Նազարյանն էր, մյուսին՝ ոչ։ Նրանք ասացին՝ չշարժվես, թե չէ կկրակենք։ Իրավիճակը պատկերացնելով՝ ենթարկվեցի։ Ստուգեցին, որ զենք չկա մոտս։ Սեռական բնույթի հայհոյանքներով եւ ոտքերով ու ձեռքերով զենքը վրաս պահած գնացինք հերթապահ մաս»։

Ոստիկանը նշեց, որ հերթապահ մասի մոտ Արմեն Բիլյանը եւ Արայիկ Խանդոյանը, որոնք հրազեն ունեին ձեռքին, անկանոն կրակահերթ են սկսել կատարել պատուհանից ներս, երբ ինքը հայտնել է, որ հերթապահ մասի դուռը դրսից չի բացվում։

«Ապա Արմեն Բիլյանն ու Արայիկ Խանդոյանը կրակել են դռան վրա, «քացով» խփեցին դուռը բացվեց, եւ մտան ներս։ Էլի կրակահերթ ներսում եղավ, եւ հրամայեցին զինանոցի դուռը բացել, որին ի պատասխան ասեցի, որ սա բացվում է հատուկ բանալիով, իսկ բանալին իմ մոտ չի, հերթապահ մասում է»,–շարունակեց նա։

Խաչատուր Մուրադյանը պատմեց, որ  ինքը «Սասնա ծռերի» անդամների հետ ուղղվել է հերթապահ մաս բանալին բերելու. «Այդ ճանապարհին հանդիպել ենք իմ օգնականին, որը որովայնի հատվածում վիրավորում էր ստացել, նա ընկավ գետնին, ես փորձեցի օգնել, սակայն ինձ ասացին, որ ես ոչ մի բանի հետ գործ չունեմ, միայն վերցնեմ բանալիները եւ դուռը բացեմ»։

Ոստիկանի խոսքով, բանալիները վերցնելուց հետո, ինքը փորձել է ժամանակ շահել եւ դուռը չբացել, դա նկատելով Մխիթար Ավետիսյանը մոտեցել է իրեն եւ հարվածներ հասցրել, իսկ Պավլիկ Մանուկյանը հորդորել է դուռը բացել, այդ ընթացքում հետեւից լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկն ասում «եկեք սրան սատկացնենք, ինքը մարդ չի, մարդու ծնունդ չի», սակայն Պավլիկ Մանուկյանն ասել է, որ իրեն ձեռք չտան, այնուհետեւ ինչ-որ մեկը բացել է զինանոցի դուռը եւ նրանք մտել են ներս, սակայն ինքը չի տեսել, թե դուռն ինչպես է բացվել։

Զինանոցը բացելուց որոշ ժամանակ անց Խաչատուր Մուրադյանին, իր խոսքով, հաջողվել է դուրս գալ գնդի տարածքից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ