Վարորդները կազատվեն տուգանքներից
Մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մի շարք իրավախախտումների համար տուգանված վարորդները կազատվեն դրանք վճարելուց: Այսօր Կառավարությունն ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Արդարադատության նախարարը նշեց, որ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: Նա նշեց, որ խոսքը 13,3 միլիարդ դրամի համաներման մասին է:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կոչով դիմեց քաղաքացիներին՝ օրենքն ընդունվելուց հետո փոխել իրենց վարքագիծը:
«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ տեսալուսանկարահանման քաղաքականությունում խնդիր կա և ոստիկանությունը՝ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակում է օրենքի նախագիծ՝ վարչական իրավախախտումների մասին օրենքում, որոնք կթեթևացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը»,-ասաց վարչապետը: