Ես հավատարիմ ամուսին եմ. Ռ. Գալիանո
’’Չնայած չափազանց խիտ համերգային գրաֆիկին` Հայաստանի և հայ հանդիսատեսի համար ֆրանսիացի աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն միշտ էլ ժամանակ և ցանկություն գտնում է: Նա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ մարտի 5-ին ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար:
‘’Երկու պատճառ կա Հայաստանում լինելու համար` նախ շատ եմ սիրում հայ հանդիսատեսին, երկրորդ` Վահան Մարտիրոսյանի հետ երկարամյա բարեկամական-ընկերական կապ ունենք, որը շատ թանկ է ինձ համար’’:
Վիվալդիի և Պիացոլայի ‘’Տարվա եղանակներն’’ ու Ռիշար Գալիանոյի ստեղծագործությունները հաճույք կպատճառեն տարբեր երաժշտական ճաշակ ունեցող հանդիսատեսին: Մարտի 5-ի համերգը կազմակերպվել է կանանց տոներին ընդառաջ` որպես յուրատեսակ նվեր:
‘’Իհարկե, ես դեռևս բախտ չեմ ունեցել ճանաչելու հայ կանանց, որովհետև արդեն 37 տարի է, ինչ ամուսնացած եմ և հավատարիմ ամուսին եմ, բայց այնուամենայնիվ, այս համերգը նվիրում եմ կանանց, որովհետև կանայք միշտ էլ ոգեշնչման հիանալի աղբյուր են…’’:
Հաայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի և Ռիշար Գալիանոյի երաշժտական համագործակցությունը դեռ երկար կշարունակվի:
Առաջիկայում Վահան Մարտիրոսյանը նախատեսում է ֆրանսիացի երաժշտին ծանոթացնել ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, դե իսկ Կոմիտասի ստեղծագործություններն, ինչպես պարզվեց, արդեն ոչ միայն ծանոթ, այլև շատ սիրելի են Ռիշարին:
‘’25 տարի է, ինչ ճանաչում եմ Շառլ Ազնավուրին, ‘’Սուսերով պարն’’ եմ նվագել ու շատ եմ սիրում Կոմիտասին, քանի որ նա մի կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները շատ համահունչ են իմ խառնվածքին… 1-1.5 ժամ տևողությամբ հայաստանյան համերգն ինձ համար ընդամենը մի պահ է թվում, կարծես բեմի վրա ժամանակը կանգ է առնում ու երբ տեսնում եմ հանդիսատեսի ժպտացող հայացքները, հասկանում եմ, որ համերգը ստացվել է: Սա է ինձ համար կարևորը’’: