Հեղափոխությունը հասունացել է, դաշտում մարդ չկա
Ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը Ուկրաինայի իրադարձություններից. այս հարցը քննարկվեց Մամուլի ազգային ակումբում, որտեղ հրավիրվել էին լրատվամիջոցների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
Քննարկմանը հրավիրվել էին իշխող կոալիցայի ներկայացուցիչները, սակայն նրանք չկային: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, Կիեւի իրադարձությունները լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Յանուկովիչը ահով ու սարսափով էր սպասում, որ իրեն կզանգի Պուտինը, ինչն էլ նպաստեց նրան, որ Մայդան հենց Յանուկովիչը ստեղծեց: “Ասում էր, որ Մոսկվան իրեն ճնշում է”,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը:Վերջինիս դիտարկմամբ, Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը կարող է ազդել Մինսկի համանախագահների աշխատանքի վրա:
“Ժառանգության” գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Հայաստանը չափազանց խորացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ Հայաստանը պետք է ձեւեր գտնի անկախանալու Ռուսաստանի տիրակալությունից: “Հայաստանի քաղաքական ուժերը լռում են Ուկրաինայի դեպքերի մասին, կարծես էդ ինքնավարության կորուստը մեզ դաս չի”,-ասաց Սաֆարյանը:
“Ժամանակ” թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի կարծիքով, ուկրաինական դեպքերը հասկացրել տվեցին, որ Հայաստանում հեղափոխությունը հասունացել է, սակայն դաշտում մարդ չկա: “Կամ էլ հիմնական խաղացողները պորտաբույծ են եւ չեն անում այն, ինչ պետք է”,-ասաց Բաբաջանյանը: