Դժվար է քաղաքական գործընկեր գտնել. Արամ Մանուկյան /տեսանյութ /
«Ցավոք սրտի, այսօր քաղաքական դաշտը կարկատանի է նման , այնքան են կտրտել, փչացրել, որ քաղաքական ուժերը դարձել են կամ կցորդ, կամ իրենք են կեղծիքի մեջ կամ մորեխի հոգեբանությամբ այնքան են փոխվել, որ տակը բան չի մնացել» ,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական դաշտի վիճակին: Արամ Մանուկյանի խոսքով, այսօր ասելիք ունեցող քաղաքական ուժերը հատուկենտ են:
«Քաղաքական ուժերը ծրագրերով պետք է մասնակցեն ընտրություններին: Մենք մասնակցելու ենք, մեր ծրագիրը շատ հստակ է, կթարմացնենք, ունենք կառուցներ, դիմացել են, ունենք հզոր թիմ՝ մարդկային ռեսուրսի առումով, ունենք մարդիկ, որոնք մնացել են քաղաքական» ,-նշում է ՀԱԿ փոխնախագահը՝ հավելով, որ այսօր իրապես արդար ընտրությունների հնարավորություն է ստեղծվել եւ որեւէ ուժ, որն իրեն քաղաքական է համարում, իրավունք չունի չմասնակցել ընտրություններին:
Թե ՀԱԿ-ն ինչ ձեւաչափով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Արամ Մանուկյանը չգիտի. «Չգիտեմ, որովհետեւ, նախ դժավար է գտնել գործընկեր, որը քաղաքական լինի: Եթե նախորդ ընտրություններին իշխանափոխության խնդիր կար եւ կարելի էր նույնիսկ ոչ գաղափարակցի հետ գնալ, այսօր դա դժվար է, չկան քաղաքկան ուժեր»:
Արամ Մանուկյանի կանխատեսմամբ, իշխանության եկած քաղաքական ուժը ընտրությունների արդյունքներով կստանա կեսից ավելի ձայներ, մյուս ուժերի համար էլ, ըստ նրա, ազատ դաշտ կբացվի:
«Կլինեն կիսաֆաբրիկատներ, կլինեն ազգայնականներ, կլինեն պոպուլիստներ, դրանք լինում են բոլոր ընտրություններին, բայց եթե քաղաքացուն կարողանանք հասկացնել, որ իր ընտրությունը քաղաքական է, մեր հաջողությունը երաշխավորված կլինի եւ կարող ենք ծանրակշիռ ներկայություն ապահովել խորհրդարանում»,-եզրափակում է Արամ Մանուկյանը: