Կայծակնային արագությամբ պատրաստվել պատերազմին. 168 Ժամ
Գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը հորդորում է լուրջ վերաբերվել Ալիեւի հայտարարություններին եւ կայծակնային արագությամբ պատրաստվել առաջիկայում սպասվող պատերազմին:
«Ալիևի հայտարարությունը լուրջ է, իսկ հայ և միջազգային հանրությունը լուռ է: Վերջին զորահանդեսին տարբեր երկրներ էին մասնակցում, որոնք հիացմունքով նայում էին, իսկ Ալիևը նման հայտարարություն արեց»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»: Նա ևս մեկ անգամ հայտարարել է, թե Նախիջևանում 2018թ. հունիսին գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն առաջընթաց ունի: Թուրքիայի բանակի մասնակցությունն այդ զորահանդեսին, ըստ գնդապետի վկայում է այն մասին, որ, եթե պատերազմ լինի, թուրքական բանակն Ադրբեջանի կողմից է լինելու:
«Հայկական կողմը կայծակնային արագությամբ պետք է արդիականացնի զինտեխնիկան, որ հետո չասենք ուշ եղավ: Ինչ ֆինանսական ռեսուրսներ կան պետք է տրամադրել ռազմաարդյունաբերությանը, զենքերի արդիականացմանը: Անկախ նրանից աշխարհի որ երկիրն ինչ կմտածի մեր մասին: Պատերազմն անխուսափելի է: Մեր ու մանուկ, ամենատարեց մարդուց մինչև նորածին երեխա պետք է պատրաստվենք առաջիկա պատերազմին: Սա չի լինելու այն նույն դիվերսիոն գործողությունը, ինչ եղավ ապրիլին».- ընդգծեց Կորյուն Ղումաշյանը:
Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն արդեն թիրախավորել է Արենի գյուղը, Վարդենիսը. «Այսինքն՝ մեր սնող ճանապարհները, որոնք գնում են Արցախ: Դա հենց վկայում է, որ պատրաստվում են մեծ պատերազմի: Արենիի մոտ դիրքերի առաջխաղացման ժամանակ իրենց հաղորդումը հենց նրա մասին էր, որ թիրախի տակ են պահում Արենին, Եղեգնաձորն ու Արարատ քաղաքը: Դա իրականություն է, այդտեղից և Եղեգնաձորը, և Արարատը, և’ Արենին միանշանակ թիրախավորված են: Այդ բարձունքը, որ մերոնք ասում են, թե այնտեղից չեն կարող տեխնիկա տեղաշարժել… տեխնիկա պետք չէ, դիտորդ է պետք այնտեղ, որ ուղղորդի: Նրանք այնտեղ թնդանոթ չեն դնելու, որ կտրեն ճանապարհը, այնտեղ մի հոգի կնստի ու կուղղորդի, կասի սարքավորումներն ինչպես թիրախավորեն»:
Նրա խոսքով՝ պաշտպանվող նախարարություն ունենք, դրա համար էլ անունը պաշտպանության նախարարություն է, այլ ոչ՛ ռազմական. «Սպասում ենք, թե երբ պետք է մեր գլխին տան, որ մենք պաշտպանվենք: Այս պատերազմը լայնածավալ է լինելու, շատ լավ տեսանք, թե ինչ տեխնիկա է գնել: Նրանց ցուցադրած զենքերը լուրջ զենքեր են: Տեսեք, որ հետո ուշ չլինի: Սրա մասին չեն բարձրաձայնում Հայաստանում, իսկ Ադրբեջանի նախագահն ամբողջ աշխարհի առաջ ասում է, թե հայկական հողերն իրենցն են: Մինչ Հայաստանում թալանում էին բանակը, Ադրբեջանում զբաղված էին բանակաշինությամբ, զարգացրել են զինտեխնիկան: Զորահանդեսի ժամանակ ուշադրություն էի դարձնում իրենց զորքի քայլվածքին, զենքերին, սաղավարտներին, ամեն ինչ նոր էր: Նրանց քայլն էլ կորեական բանակի կարգապահ քայլ էր»: Պատերազմ տեսած մարդը, ըստ գնդապետի շատ լուրջ կընդունի այս ամենը.
«Նրանք զենքերը ցույց տվեցին, բայց դա չի նշանակում, որ հենց այսօր կհարձակվեն: Նրանք կհարձակվեն աշնանը կամ գարնանը, դրա համար եմ ասում մենք ժամանակ չունենք, կայծակնային արագությամբ պետք է մեր ծրագիրն իրականացնենք»: Գնդապետը նկատեց Մանվել Գրիգորյանի արածներից հետո հարվածներ տեղացին ԵԿՄ-ի վրա, բայց կառույցը Մանվելը չէր. «Ես ԵԿՄ-ում չեմ, բայց ԵԿՄ-ում կան շատ անարատ, մաքուր կռվող տղերք. և պետք չէ հարվածներն ուղղել են նրանց կողմը: Դա դավաճանություն եմ համարում, որովհետեւ մեկ է՝ այս տղերքն են նորից սահման գնալու»: