25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով է իշխանության ուժի ցուցադրության թիրախը. Փաստ

Հայաստանյան հասարակական, քաղաքական ու լրատվական միջավայրի առանցքային թեմաները, ուզենք, թե չուզենք, շարունակում են մնալ բացահայտումներն ու ձերբակալությունները, ավելի ճիշտ՝ «բերման ենթարկումները»: Նախորդիվ անդրադարձել ենք այս գործընթացների, այսպես ասած, «լուսաձայնային էֆեկտների» ենթատեքստերին և բեմականացման որոշակի տարրերին, սակայն, սրանից զատ, այսօրինակ գործողություններով իշխանությունները մի շարք հստակ հաղորդագրություններ են հղում իրենց ներկա և առաջիկա մրցակիցներին:

Այլ կերպ ասած՝ իշխանությունը ուժի ցուցադրություն է իրականացնում, թերևս միայն հենց այս տրամաբանության մեջ կարող է տեղավորվել որոշ անհատների բերման ենթարկելն ու ազատ արձակելը: Ի դեպ, այստեղ հարկ է նշել նաև, որ բացի ուժի ցուցադրությունից, նման, թվում է, անտրամաբանական գործողությամբ լուծվում է նաև նշանակետում գտնվող անձանց տեսադաշտում պահելու խնդիրը:

Մի կողմից իշխանության կողմից նման ուժի ցուցադրությունը կարող է թվալ, թե ուղղված է որոշակի անհատների կամ, առավելագույնը, խմբերի դեմ, սակայն իրականում ուժի ցուցադրության հասցեատերը կարող է լինել հասարակությունը: Խնդիրն այն է, որ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո, ոստիկանության նկատմամբ որոշակիորեն վերաբերմունք է փոխվել, ավելին, ոստիկանությունը, ԱԱԾ-ն դարձել են հանրայնորեն, եթե ոչ սիրելի, ապա գոնե ընդունելի կառույցներ: Սա շատ հետաքրքիր ու դրական իրողություն է մասնավորապես ԱԱԾ-ի պարագայում, որովհետև դժվար է գտնել որևէ այլ հետխորհրդային երկիր, որտեղ «КГБ»-ի ժառանգորդ համարվող կառույցները վայելեն հանրային համակրանք:

Մյուս կողմից այս համակրանքի մեջ թաքնված է որոշակի վտանգ: Ի վերջո Ոստիկանությունը, ԱԱԾ-ն և նմանատիպ կառույցները կոչված են իրականացնելու պետության բռնության մենաշնորհը՝ այսինքն հենց այս կառույցներին է տրված լիովին օրինական կերպով բռնություն գործադրել:

Ընդհանրապես, բռնության մենաշնորհը համարվում է պետության առաջնային հատկանիշներից մեկը և ցանկացած պետություն կայացած է այնքանով, ինչքանով կարողանում է օրենքին համապատասխան և տեղին կիրառել բռնության իրավունքը՝ դրա անհրաժեշտության դեպքում:

Նման իրավիճակում ոստիկանությունը, ԱԱԾ-ն, մյուս կառույցները և, ամենակարևորը, հանրությունը պետք է պատրաստ լինեն այն մտքին, որ վերոնշյալ կառույցները հեղափոխությունից հետո չեն զրկվել բռնության մենաշնորհից, չեն դարձել բովանդակությամբ այլ, բարեփոխվել են, մաքրվել են օդիոզ դեմքերից և այլն, սակայն բովանդակության մեջ մնացել են իրավապահ համակարգ և հենց այդպես էլ պետք է լինի:

Անշուշտ, ոստիկանության ու ընդհանրապես ուժային մարմինների նկատմամբ առկա հանրային վստահության բարձր մակարդակը հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, սակայն միևնույն ժամանակ հենց այս վստահությունն է արտոնում նաև բռնության մենաշնորհը, որին պատրաստ պետք է լինեն և՛ հանրությունը, և՛ պետական կառավարման բոլոր օղակները:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ